Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/365

Այս էջը հաստատված է

զավակներիս քաղցած եմ պահում, թե շատ ուտեցնելուց տրաքեցնում,— այդ ոչ ձեզ է վերաբերում, ոչ այս օրիորդին, և՛ ոչ ուրիշ որևէ մարդու։ Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ...

— Դուք ինձ վիրավորում եք, պարոն,— շշնջաց Մանեն ապշած։ — Ես այդ մասին ոչինչ չեմ ասել ձեզ։

— Ճիշտ է, շատ ճիշտ է, դուք ոչինչ չասացիք ինձ այս մասին, բայց այս րոպեին ևս «միջնորդություն» բառը լսեցի... Հետո, ձեր ներկայությունը մեր այս ընդհարմանը... Եվ, բացի դրանից, թույլ տվեք ինձ մի քիչ ավելի սրատես լինելու. ես տեսնում եմ, որ դուք հավատացել եք մորս ասածներին և ձեր սրտում մեղավոր եք համարում ինձ։

Մանեն այս անգամ շարժվեց տեղից, չկարողանալով զսպել իր զայրույթը։

— Պարո՛ն, երևի չեք նկատում, որ ինքներդ ձեզ հակասում եք,— նկատեց նա խստորեն։— Այս րոպեին ասացիք, թե ոչ ոք իրավունք չունի խառնվելու ձեր ընտանեկան գործերին, մինչդեռ այժմ ձեր իրավունքն եք համարում մտնել ուրիշի սիրտը և քրքրելու այնտեղ, թե ինչ է մտածում ու զգում նա։

— Ներեցեք, տիկին, ես...

— Խնդրում եմ, թողե՛ք ինձ հանգիստ։

Եվ Մանեն, սաստիկ հուզված, դուրս գնաց արագ քայլերով։

Նասիբյանը մնաց սառած իր տեղում՝ բերանը բաց, աչքերը չռած։

— Օ՜, օձ... թո՛ւյն... դժոխքի վիժմունք... Երբ պետք է ազատվեմ քո այդ գարշելի դեմքից,— անհուն ատելությամբ շշնջաց նրա քթի տակ Հեղինեն և դուրս վազեց ընկերուհու հետևից։

Մանեին բռնեց նախասենյակում։

— Մանե ջան, դու գնո՞ւմ ես։

— Ես սովոր չեմ այդպիսի տեսարանների և... ջղային եմ,— ասաց Մանեն, խուսափելով Հեղինեի աղերսող աչքերից և աշխատելով խլել հուզմունքից դողացող իր ձեռքերը նրա ձեռքերի միջից։

Հեղինեի աչքերը հանկարծ վառվեցին կատաղի վճռականությամբ։