Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

իր սպառնացած հաշիվները։ Օ՜, նա դեռ չի ճանաչում ինձ..․ Գնա, ցտեսություն։

Երբ Մանեն շտապով դուրս եկավ փողոց, վերևից, բաց լուսամուտից, նրա ականջին դիպան Հեղինեի կատաղի ծկլթոցները։ Այդ ձայներն այնպիսի անհաճո գրգիռ պատճառեցին նրա ջղերին, ինչպես խարտոցի կանչռտոցը սղոց սրելու ժամանակ։ Եվ նա շտապեց հեռանալ ամոթահար այն բանից, որ այդ միջոցին խաղաղ փողոցով անցող մի երկու մարդ կանգ առան տան դիմացը մայթի վրա և զարմացած ու հետաքրքրությամբ նայում էին դեպի լուսամուտը։

4

Հետևյալ օրը, կեսօրից առաջ, Մանեն նամակ էր գրում ամուսնուն, երբ նախասենյակից նրա ականջին դիպավ մի բամբ ձայն, որը հարցրեց դուռը բաց անող ծառային' «ո՞վ կա տանը»։ Նա իսկույն ճանաչեց եղբոր ձայնը և, գրիչը վայր ձգելով, դուրս վազեց։

Նախասենյակում նրա դեմն ելավ Վահանը — հսկայամարմին և թիկնավետ մի երիտասարդ կես-այրված մի հաստ սիգար բերանին։ Ծղոտի լայնեզր գլխարկը ետ էր գցել ճակատից, որի վրա քրտնքի առատ կաթիլներ էին դուրս ցայտել։ Հագած էր ուսերը խունացած դեղնագույն ամառվա վերարկու, որի ամենավերի կոճակն էր միայն գցված, իսկ փեշերը ետ էին քաշվել և երևան էին հանում նրա անսովոր հաստ փորը, որի վրա աղեղնաձև կախ էր ընկած ժամացույցի հասարակ մետաղի շղթան սևացած։ Նա կլիներ 30—35 տարեկան, սակայն երեսին մազ չկար ամենևին, որով շատ էր նմանում երեսը սափրած դերասանի։ Գեղեցիկ ոչինչ չկար նրա արտաքինի մեջ, բացի միայն աչքերից, որոնք շարունակ ժպտում էին ամենքին և ամեն բանի ուրախ հեգնությամբ վերաբերվող բարեսիրտ մարդու քաղցր ժպիտով։

Քույրը փարեց եղբոր վզին և կարոտի բուռն զգացման զեղումից լաց եղավ։

Սակայն եղբայրն այդքան զգայուն չեղավ. նախ մեղմորեն բռնեց քրոջ ձեռքերից, հեռացրեց նրան իրենից, հետո բերանից հանեց սիգարը և հարցրեց.