Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/368

Այս էջը հաստատված է

— Հը՞, ի՞նչ է պատահել։ Մեռա՞ծ էի, ի՛նչ է, և հանկարծ հարություն առած ես տեսնում ինձ, Ղազարոսի պես։

Մանեն ժպտաց և մատներով սրբեց արտասուքը։

— Գնա՛, ես քո քույրը չեմ,— ասաց նա խռովածի պես, բայց դարձյալ ժպտում էր։

— Ա՜յ քեզ բան։ Ինչո՞ւ։

— Ինչո՜ւ։ Որովհետև քանի օր է, որ եկել ես և նոր ես հիշում ինձ, ինչպես միշտ։

— Ինչպես միշտ։ Ուրեմն էլ ինչո՞ւ ես նեղանում։ Եվ խո հիշել եմ վերջապես. դու ա՛յդ ասա, Ղազարի քույր, թե չէ՝ մնացածը դատարկ բան է։ Այսօր լինի, վաղը լինի, ի՞նչ վնաս։ Մերը «յավաշն» է։ Ասիացի չե՞նք։ Բայց աստվածդ սիրես, օգնիր, մի էս անտերը հանենք։

Վահանը սիգարը դրեց բերանը, բաց արեց վերարկուի կոճակը, շուռ եկավ և ձեռքերը մեկնեց դեպի քույրը։

Մանեն բռնեց նրա վերարկուի թևերի ծայրերից, քաշեց, քաշեց և հազիվ կարողացավ հանել։

— Դե ասում ես. մեր «յավաշը» որ չլինի, այսքան կչաղանա՞նք, որ վերարկուն չհանվի։ Անտերը հուպ է տալիս, է՜, կռներիս տակը։ Երևակայիր, վեց տարի է, որ հագնում եմ, բայց էլի ափսոսս գալիս է, որ դեն գցեմ: Իսկ ձեր այս շոգն էլ․․․

Վահանը գլխարկը կախեց վերարկուի վրա և թաշկինակով սկսեց սրբել քրտնած ճակատն ու շլինքը։

— Ես մի բանի վրա եմ զարմանում և նեղանում քեզնից, Վահան,— նկատեց քույրը լրջորեն։

— Այսինքն։

―Ինչո՞ւ մեր տանը չես իջնում, որ գալի՛ս ես Թիֆլիս։

— Կարծեցի նոր բան ես ուզում ասել։ Մի վախենար, քույրիկ ջան, թանկ հյուրանոցում չեմ իջած, վճարում եմ ընդամենը 75 կոպեկ։

— Ախր ինչո՞ւ է՛։

― Որովհետև ես շատ եմ սիրում անկախություն ասված բանը։ Խո գիտես իմ նշանաբանը, ոչ պարտավորվել, ոչ պարտավորեցնել։ Բացի դրանից, ես սարսափելի էգոիստ մարդ եմ, ուզում եմ աչքիցդ կարելույն չափ հեռու լինել, որ