Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/373

Այս էջը հաստատված է

— Իմ մասին ի՞նչ պատմեմ, քույրիկ ջան։ Հացը բոլ, գինին բոլ, ուտում եմ, խմում, մթնում է` քնում։ Քեզ էլ նամակ չեմ գրում։ Դու էլ ջգրու ոչինչ չես գրում։ Ու երկուսս էլ քվիթ ենք դուրս գալիս։

— Սպասիր։ Ինչո՞ւ երեկ Հեղինեին խաբել ես, թե ինձ մոտ ես եղել, մինչդեռ քո երեսն ես այսօր եմ միայն տեսնում։

— Որովհետև ազատամիտ օրիորդներին ես շատ եմ սիրում։ Նա օրիորդ է, չէ՞։ Իսկ հայտնի է, որ ում սիրում ես, նրա հետ ուզում ես կատակ անել։ Նրա թխլիկ դեմքը որ տեսնում եմ, ուզում եմ այսպես հինգ մատներովս բռնել, կամաց... այսպես... շուռ տալ ու հանկարծ— հո՜պ— նորից գետնի վրա դնել։

— Բայց գիտե՞ս, որ նա քեզ շատ է հավանում,— ասաց Մանեն ծիծաղելով։

— Դրուստ,— կանչեց Վահանը կոմիկական սարսափով։

— Նրա ահագին մարմնից որ չվախենամ, ասում է, անպատճառ կսիրահարվեմ։

Վահանը աչքերը ձգեց առաստաղին և ձեռքերը բարձրացրեց։

— Փա՜ռք քեզ, տե՛ր,— արտասանեց նա որպես թեթեթևացած։— Ա՛յ, չէի կարծում, թե չաղությունս, որից այսքան նեղվում եմ ես, կարող է փրկել ինձ այդպիսի մի մեծ վտանգից։ Մի հետաքրքրական բան են պատմում նրա կյանքից, չե՞ս լսել։

— Ի՞նչ բան։

— Պատմում են, որ իբր թե մի անգամ, իր ազատամիտ կավալերներով շրջապատված անցնում է եղել մի գինետան առաջով։ «Տղե՛րք, ասում է.— ի՞նչ կտաք մտնեմ մի բաժակ արաղ կոնծեմ»։— «Թե որ կմտնես,— ասում են կավալերները,— մի-մի պաչ կտանք»։— «Հա-ա՞,— ասում է,— դե հիմի թամաշ արեք»։ Ու քո այդ fin de siecle օրիորդը ղորթ որ չի ուզում մտնե՜լ։ Այնպես որ էլի կավալերներն են ամաչում և կռնից բռնում ետ քաշում։

— Վահան, մի՞թե չես խղճահարվում, որ նրա մասին այդպիսի... բաներ ես հնարում,— նկատեց Մանեն անկեղծ,