Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/374

Այս էջը հաստատված է

մեղմ նախատինքով:— Չէ՞ որ, ուրիշ տեղ որ պատմես, կարող են գտնվել մարդիկ, որ կհավատան։

— Հավատացնում եմ, քույրիկ ջան, պատմությունը ես չեմ հնարել: Ես միայն իմ լսածն եմ պատմում։ Պատմողն էլ ո՜վ էր— մի խավարամիտ։ Ի դեպ, դու խավարամիտ ե՞ս, թե ազատամիտ։

Մանեն ծիծաղեց։

— Խավարամիտ եմ։

— Թյո՛ւ... Բառն ինքն արդեն հոտում է։ Ա՛խ, ներողություն, քույրիկ ջան. դու չէ՛, դու չէ։ Դու հոտավետ ես վարդի պես։ Բայց թունդ խավարամիտը քո մարդը պետք է լինի, ա՛յ, ի փառս Հայաստանյաց կաթողիկե և առաքելական սուրբ եկեղեցվո։ Ափսոս, որ լավ չեմ ճանաչում նրան։ Չափից դուրս պեդանտ մարդ է երևում աչքումս։ Դրա համար սիրտս չի կպչում,— չնեղանաս, խնդրում եմ: Բայց և այնպես պետք է մի անգամ գնամ տեսնեմ ինչ բանի է։ Մեզնից հեռու կլինի մոտ մի հարյուր վերստ։ Խոսքը մեր մեջ մնա. բացի հանքարդյունաբերությունից, վաշխառությամբ էլ խո չի՞ պարապում։

— Վահա՛ն, ի՜նչ չար լեզու ունիս,— նորից նախատեց նրան քույրը, այս անգամ նկատելի կերպով նեղացած։

— Ես մեղա աստծու, ես մեղա աստծու... Բայց այս ի՞նչ տեսակ տուն ես պահում, ոչ մոխրաման կա, ոչ լուցկի:

Մանեն վեր կացավ, դուրս գնաց և երբ նորից ներս մտավ մոխրամանն ու լուցկու տուփը ձեռքին, Վահանը վերցրել էր գրասեղանի վրա դրված փառակազմ գրքերից մեկը և թերթում էր՝ հանգած սիգարն ատամների մեջ բռնած.

— Այս գիրքը կարդացել ես, իհարկե,— ասաց եղբայրը։

— Այդ ի՞նչ է:

— «Դոն Կարլոս»։

— Հա. անցյալ օրը վերջացրի։

— Այստեղ է ասված, չէ՞... Ինչպե՞ս է անունը։

— Ո՞ւմ անունը։

— Թագուհու։

— Ելիսաբեթ։

— Հա՛։ «Ելիսաբե՛թ, Ելիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ