Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Այս էջը հաստատված է

— Է՜, այդ շատ հեռու գնաց։ Այդպես որ գնանք, ես ու դու էլ դալայ-լամայի ազգական դուրս կգանք։

5

ներս մտան Օսանն ու Զաքարը։ Զաքարը, նախասենյակում հանել էր հնամաշ վերարկուն, որի տակ հագած էր աստված գիտե քանի տարվա երկարափեշ մի սյուրտուկ խիստ կեղտոտ ու ճմռված։ Անդրավարտիքի կարճ տոտերից մեկը, ինչպես միշտ, ներս էր պրծած կիսակոշիկի լայնացած ճիտը, որի ականջի մի ծայրը պոկվել և կախ էր ընկել երկարումեկ։

Օսանը խիստ ուրախացավ, որ Վահանին տեսավ, բայց և բավական հանդիմանեց նրան, որ քրոջը մոռացել է։

— Բաս ինչպիսի՞ եղբայր եմ, որ չմոռանամ,— նկատեց Վահանը կատակով։— Ո՞նց ես, ո՞նց, խնամի, դու ա՛յդ ասա։ Պառավել ես։

— Հա՛, որդի ջան, պառավել եմ։ Գլխիս ջլերր թուլացել են։ Աչքերիցս էլ ջուր է գնում։

— Ժամիցն ես գալիս, ողորմած կենա։

— Այն ժամը պահի քու արևը, որդի ջան։

— Պարոն Զաքա՞ր։ Դո՞ւ ոնց ես։ Դու խո բոլորովին պառավել ես։

— Բաս ուզում էիր, որ ջահելանա՞մ, հերդ լուս դառնա։ Ես ա՛յն ցավն ու դարդն եմ տեսե՞լ։

— Հա՞յ գիդի հա՛։ Միտդ է, որ Գևորգ աղի քարվանսարում ապրանքի հակերի գլխին կանգնած, տեր-ողորման ձեռիդ. մեկ-մեկ բաց անել էիր տալիս ու...

— Թո՛ղ, թո՛ղ,— շտապով ընդհատեց Վահանին ծերունին։— Այդ բաները մի՛, միտս մի՛ բերի։

— Ավա՜ղ, փառացն անցավորի, չէ՞, պարոն Զաքար։ Պառավներդ որ չլինեք, մեր ժամերը խո փակվեցի՞ն։ Հը՞, պարոն Զաքար։

— Է՛լի որ, է՛լի որ,— պնդեց ծերունին։— Թե որ աստվածապաշտություն մնացել է, էլի պառավներիս մեջ է մնացել։ Ջահելներդ եք, որ ոչ աստված եք ճանաչում, ոչ Քրիստոս։