Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

այնքան տարօրինակ ու ընդհատվող, որ թվում էր, թե ծերունին խեղդվում է։

— Ապշում ես, թե այս ի՜նչ արարած է մարդ կոչված անասունը,— ասաց Վահանը։— Մի հարցնող լինի այդ ծերունուն՝ էլ ի՞նչ ունիս, որ ապրում ես, ինչո՞ւ ես ապրում, ո՞ւմ համար ես ապրում, ի՞նչ ես սպասում աշխարհից... Եվ դեռ դատում է, վիճում, բողոքում, զայրանում․․․ Չես հասկանում, է՛լի, չես հասկանում․․․ Բայց քո այդ պարոն Աշոտ Բադամյանին ասա՝ ինչ ուզում ես — գրիր, ինչ ուզում ես — քարոզիր, միայն թե քաղցած մի պահիր այդ ողորմելի ծերունուն, լավ չէ... Հա, քեզ չե՞մ պատմել: Սրանից վեց տարի առաջ, Մոնպելիեից որ վերադառնում էի հայրենիք, Պարիզում հանդիպեցինք իրար։ Հարյուր ֆրանկ փոխ ուզեց— տվի, բայց մինչև օրս էլ թե պետք է ստանամ։ Մինչև այժմ չեմ հիշեցրել, բայց այս անգամ որ տեսնեմ— կասեմ։ Էլ ձեր տուն չի՞ գալիս, առաջվա պես։

— Գալիս է։

— Կասեմ, անպատճառ կասեմ,— կրկնեց Վահանը։— Վեց տարին կարծեմ բավական է։ Ազատամտությամբ զբաղվելը լավ բան է, բայց պարտքի վճարումն էլ խո պախարակելի բա՞ն չէ։ Մեր գյուղում մի մանրունք ծախող ունինք, գավառից ոտը դուրս չի դրել, բայց այնքա՜ն թունդ ազատամիտ է, որ քարի վրա դնես, քարը կճաքի։ Գլադստոնից ու Պառնելից է խոսում, իսկ Բիսմարկին որ ճանկը գցեն, չի խնայիլ նրա քաչալ գլխի երեք հատիկ մազերից մեկն անգամ— այնքան թունդերիցն է։ Նրանից որևէ բան առնելիս, երբ կասկածում եմ ապրանքի որակության վրա, մինչև որ Բադամյանի արևով չեմ երդվեցնում, չեմ հավատում, թեև Բադամյանի երեսը չի էլ տեսել։ Մի անգամ ասացի նրան, որ Բադամյանը հարյուր ֆրանկս ուտում է։ Ֆո՛հ, պետք է տեսնեիր ի՛նչ օյիններ հանեց գլխիս։ Ուժը պատեր, հում-հում կուլ կտար։ Ասենք, Նասիբյանն էլ պակաս հեղինակություն չի վայելում գավառում։ Նրա հոդվածները... Տեր իմ ամենակալ, այդ ի՞նչ հոդվածներ են։ Թանաքո՞վ է գրում, թե արյունով։ Որքան կրակ ու եռանդ, որպիսի՛ շանթ ու կայծակ։ Երբեք մտքիցս չի անցել Պառնելի մահվան առթիվ գրած նրա մի հոդվածը։ Երևակայիր, մարդն Իռլանդիայի «անթագ թագավոր»