Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Այս էջը հաստատված է

էր կոչվում, և հանկարծ խավարամիտ Ալբիոնը նրան այն դրության է հասցնում, որ խեղճը ստիպված է լինում անձնասպանություն գործել։ Պատճա՞ռը։ Որովհետև սիրելիս է լինում Օշի անունով ինչ-որ մի կապիտանի կնոջ— սարսափելի մի հանցանք, որ ո՛չ մի կերպ չի ուզում ներել նրան «չոպոր» անգլիացին, «բուրժուական մորալի այդ տիպար ներկայացուցիչը»... Օ՜, Բրիտանիա, Բրիտանիա, որ իմանաս ինչպիսի՜ քնձռոտ մկներ են կրծում քեզ... է՜...

Այդ «է»-ն Վահանի բերանում փոխվեց երկարատև մի հորանջի, իսկ այդ հորանջի շարունակությունն եղավ ժողովրդական երգի մի երկտողյանը՝

Էս ինչ խարաբ դարու հասանք, հարալե,
Էս ինչ խարաբ դարու հասանք, հարալե:

Երգը նորից փոխվեց հորանջի, առաջվաններից ավելի երկարատև և նյարդային։

— Առ այս սիգարը, քունս արդեն տանում է,— ասաց Վահանը։

Մանեն եղբոր ձեռքից առավ հանգած սիգարը, դրեց մոխրամանի մեջ և հարցրեց.

— Կուզե՞ս բան ծածկեմ։

— Որ տապակվե՞մ։ Ոչինչ հարկավոր չէ։ Միայն շատ չթողնես, որ քնեմ։ Մի ժամից վեր կացրու։

Վահանը քնեց հենց այնպես, ինչպես որ պառկած էր, երեսն ի վեր, և քնելուն պես սկսեց խռմփացնել, սկզբում թեթև, հետո ավելի ու ավելի ուժգին։ Առանց այն էլ նա կարծես թե վիզ չուներ, իսկ այժմ, պառկած դրության մեջ, նրա վիզը բոլորովին կորել էր և վզի տեղ դուրս էին պրծել նրա չաղ մսերը կրծքի և ուսերի վրա։

Մանեն նորից նստել էր լուսամուտի մոտ, նայում էր դիմացի տան պատուհանի վրա վանդակի մեջ փակված թռչնակին, ականջ էր դնում եղբոր խռմփոցին և այնպիսի սաստիկ ձանձրույթ էր զգում, որ կարծում էր, թե սրտի վրա նստել է տղմի պես մի բան ծանր ու ճնշող...