Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/387

Այս էջը հաստատված է

դեմ. մտքումս կար, որ մեռելոց օրը հորս ու մորս գերեզմանն օրհնել տամ և... մոռացա, այսինքն՝ մոռացնել տվին անիծվածները։ Իսկի թողնում ե՞ն, որ մարդ հանգիստ մնա, մի օր մեկն է քարշ տալիս, մյուս օրը՝ մի ուրիշը։ Հենց հիմա էլ հազիվ կարողացա մեկի ձեռքից յախես թափել, թե չէ էլ ո՞վ կպրծներ քեզնից։ Երևակայիր, որ մինչև օրս դեռ գործերս էլ չեմ վերջացրել։ Ջհաննամը, գոնե մի բանի նման լինիմ...

Նա կանգնեց Մանեի հետևը և սկսեց քրոջ ուսի վրայից դիտել հայելու մեջ իր մազազուրկ դեմքը։


— Հոգուդ սատկեմ, քույրիկ ջան, մի թամաջ արա ըռխիս: Մոպսի շուն տեսել ե՞ս բերանի կողքերից կախ ընկած լապռիներով. ի՛սկը մոպսի շուն։ Փո՛ւ, խայտառակությո՜ւն... Եվ, չեմ հասկանում, ինչո՞ւ աստված զրկել է երեսս բուսականությունից:

Մանեն առավ փեղույրը, ծածկեց և սկսեց քորոցով ամրացնել մազերի վրա։ Նա պինդ սեղմել էր շրթունքները, երևում էր, որ աշխատում էր զսպել ծիծաղի փռթկոցը։

— Դու գիտե՞ս, որ մենք ուշանում ենք,— ասաց նա։

— Վնաս չունի. մեծ մարդիկ միշտ ուշ են գնում թատրոն,— ասաց Վահանը, նայելով ծոցի արծաթյա ջարդված ժամացույցին։— Տոմսակս տուր տեսնեմ։

Մանեն Հեղինեից ստացած երկու տոմսակներից մեկը տվեց Վահանին։ Վահանը նայեց տոմսակին, անդրավարտիքի գրպանից հանեց պորտմոնեն, տոմսակը մեջը դրեց, հետո նույն պորտմոնեից հանեց երկու հատ մի-մի ռուբլիանոց ինչ-որ կոպեկների հետ և դրեց քրոջ առաջ։

— Այս ի՞նչ է, հարցրեց քույրը զարմացած։

— Տոմսակիս արժեքը։

— Թե ի՞նչ։

— Թե ա՛յն, որ ձրի չեմ սիրում։

Քույրը երկար ժամանակ շատ լրջորեն նայում էր եղբոր ծիծաղկոտ աչքերին։

— Ուզում ես ինձ վիրավորե՞լ, Վահան։

— Չէ, քույրիկ ջան. ես ուզում եմ միայն հակառակ չգնալ նշանաբանիս։

— Կատակ չե՞ս անում: