— Փողի գործերում կատակ անելը հավասար է հանցագործության։
— Շա՛տ լավ,— ասաց Մանեն, ջղային արագ քայլերով հեռացավ նրանից, պահարանից հանեց վերարկուն, հագավ և նույն քայլերով դիմեց դեպի դուռը։ Այստեղ հանկարծ կանգ առավ և, դառնալով եղբորը, հարցրեց.
— Իսկ կառքի փո՞ղը ով պիտի վճարի։
— Կեսը ես, կեսը դու,— ծիծաղեց Վահանը։— Չէ, որովհետև ես քեզնից ավելի մեծ տեղ կբռնեմ,— ավելացրեց նա,— ուստի քեզնից ավելի կվճարեմ։
— Մեր տանը մի քանի անգամ հաց ես կերել, ուրեմն տո՛ւր կերածիդ փողը,— աղաղակեց Մանեն։
Վահանի ծիծաղը սաստկացավ։
— Բռավո՜,— բացականչեց նա․․․— Կսիրեմ այդպիսի ապտակները։
Մանեն զայրացած դարձավ և դուրս գնաց։
— Եվ դո՜ւ ես ամուսնուս պեդանտ անվանողը,— ասաց նա կառքի մեջ։
Վահանը միայն շարունակում էր ծիծաղել, զվարճանալով քրոջ զայրույթի վրա։ Այդ ծիծաղն ավելի ևս գրգռում էր Մանեին։
— Գնացել ես արտասահման,— շարունակեց Մանեն,— և հետդ, բացի գերմանական չոր հաշիվներից, ուրիշ ոչինչ չես բերել։
— Չո՞ր։ Ինչո՞ւ չոր և ինչո՞ւ անպատճառ գերմանական, այլ ոչ իտալական կամ թե ֆրանսիական։ Փողի հաշիվներից էլ փափուկ բան... Այդ մեկ։ Երկրորդ՝ արտասահմանից ես ախր գիտություն էլ եմ բերել, քույրիկ ջան, ինչո՞ւ ես մոռանում։
Մանեն բորբոքվեց։
— Գիտությո՜ւն... ի՞նչ գիտություն։ Որտե՞ղ է քո գիտությունը։ Ո՞վ տեսավ։ Ո՞ւմ օգուտ տվիր քո գիտությունով։ Գնացել ես գյուղում նստել, այգիներ ես ձգում, գինեգործարան ես շինում և, բացի քո փորի համար հոգալուց, ուրիշ ոչ մի բանի մասին չես մտածում, թեկուզ ամբողջ աշխարհը քանդվի էլ։ Եվ դեռ ծաղրում ես ուրիշներին... ծաղրում ես