Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

զինվորական երաժշտությունը։ Նրանք նստեցին և խմելու մի բան պահանջեցին։

Պետրովի շարժումները, խոսակցության եղանակն իսկույն ցույց էին տալիս, որ աղմկալից կյանքն ու բարձր շրջաններն են եղել նրա դաստիարակիչը։ Զարմանալի ճարտարությամբ նա խոսում էր իշխանուհու և նոր ծանոթների հետ։ Նա խոսում էր երբեմն ռուսերեն, երբեմն ֆրանսերեն և մինչև անգամ անգլերեն։ Հենց առաջին հայացքից նա դուր չեկավ պարոն Հարունյանին։ Նրա կարճ հասակը, կլոր ու սափրած կարմիր դեմքը կարճ բեղերով ու ինքնավստահ, գրեթե լիրբ արտահայտությամբ, շեկ մազերն, փոքրիկ ու շարժուն խորամանկ աչքերն և փոքրիկ վեր քաշված քիթը,— նրան մի տեսակ ատելի էին թվում։ Ինչո՞ւ։— «Ինչպես չենք կարող մենք առաջ բերել ուղիղ պատճառը, թե ինչու մեկը չէ սիրում խոզի բացված բերանը, մյուսը՝ կատվի պես անվնաս կենդանուն, երրորդը՝ ձայնը պարկապզուկի», ինչպես պատասխանում է Շեյլոկը, նույնպես և նա չէր հասկանում, թե ինչու այդ աստիճանավորը նրան ատելություն էր ներշնչում։ Իշխանուհին խոսում էր նրա հետ կարծես ակամայից և մի տեսակ եղանակով, որից իսկույն երևում էր, որ նրան ևս չէր դուր գալիս այդ շատախոս ռուս աստիճանավորը։ Հարունյանները չէին կարող չնկատել այն փոփոխությունը, որ ստացել էր իշխանուհին Պետրովին պատահելու րոպեից։ Նրանք ակամայից մտածեցին, որ այդ երկուսի մեջ ինչ-որ կա... Արդեն սկսում էր մթնել, երբ նրանք վեր կացան և ուղևորվեցին դեպի կառք։ Հարունյաններն ու իշխանուհին նստեցին կառքը, իսկ Պետրովը հեծավ յուր ձին և մի քանի անգամ դարձյալ շրջան անելուց հետո այգում, նրանք ճանապարհ ընկան դեպի տուն։ Կիսաճանապարհին Պետրովը բաժանվեց նրանցից, առաջուց խնդրելով իշխանուհուց նրա հասցեն։ Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թե նա՞ է այն աստիճանավորը, որի մասին խոսում էր այն օրն Արմենակը։

— Այո՛,— պատասխանեց միայն իշխանուհին։ Պարոն Հարունյանը կամենում էր հարցուփորձ անել իշխանուհուն այդ մարդի մասին, բայց լսելով այն եղանակը, որով նա արտասանեց «այո» բառը, նա տեսավ, որ իշխանուհին