Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/392

Այս էջը հաստատված է

խցկված ամեն տեսակ երեխաներ. բայց այժմ այդ կարգերում աթոռակալել էին ֆինանսական աշխարհի հաստ ու բարակ տուզեր, մի գեներալ կլպած գանգով, մի քանի ուրիշ էպոլետներ՝ աստղերով և առանց աստղերի և գրական ու լրագրական աշխարհի ներկայացուցիչներ՝ երկար ժամանակ չխուզած մազերով և օսլայած շապիկի կեղտոտ օձիքներով։

— Պա՛հ, մի թամաշ արա, աստվածդ սիրես,— բղավեց Վահանը քրոջ ականջի մոտ, որպեսզի ասածը լսելի անե օրկեստրի ձայների և ժողովրդի հանած ժխորի մեջ։— Համայն հայ աշխարհն այստեղ է. զինվորականներ, չինովնիկներ, վաճառականներ, մտքի մշակներ— դիփ զոռբա-զոռբա մարդիկ։ Այնտե՛ղ նայիր, այնտե՛ղ. առաջադիմականը նստել է հետադիմականի կողքին և քիթը չի բռնել։ Տե՛ս այն քոսոտ բանաստեղծին, գեներալի աջ կողմը. կասես Ոլիմպոսի վրա է բազմած։ Մազերն էլ չի սանրել անիծածը։ Ասում են, որ սիրո մասին մի կոպեկանոց ոտանավոր երկնելու վրա տասը գրիչ է կրծում, որ առնվազն հինգ կոպեկ արժե։ Բայց էգուց չէ, էլօր բախտ կունենանք կարդալու նրա ռեցենզիան, Հրե՛ն, հրե՛ն մեր հրապարակախոս-կրիտիկոսը, որի առաջին արհեստը պարտքեր անելն է չվերադարձնելու պայմանով, իսկ երկրորդ արհեստն՝ իդեալից և հավիտենական սուրբ ճշմարտություններից բարբառելը։ Ինձ չափազանց դուր է զալիս նրա դեմքը, կասես ինքը Հիսուսն է կանգնած առաջդ։ Իսկ նրա կողքին տե՛ս ինչքան համեստ նստած է մեր լրագրական կծոտողը։ Ա՛յ ում համար կարելի է ասել՝ ինքը չկար թիզուկես, արարմունքն է գազուկես։ Արժե, ճշմարիտ, կշռել իմանալու համար, թե քանի փութ դուրս կգան նրա գործադրած բառերը— «զզվելի», «նողկալի», «գարշելի», «հրեշային», «ճիվաղային», «դժոխային», մի խոսքով՝ բարձրացիր աստիճանաբար մինչև սի ըստ եվրոպականի և մինչև փո ըստ հայկականի։ Դու նկատե՞լ ես, որ ամեն մի հոդվածում այն աստիճան վառվում է ազնիվ բարկությունից, որ սպառնում է գրիչը կոտրել, իսկ սև թանաքն էլ միշտ կարմրում է, երբ որևէ ամոթալի արարք է նկարագրում։

— Վահան, բավական է,— շշնջաց քույրը, նրա թևը քաշելով։ Մանեն այդ միջոցին աչքը չէր հեռացնում իրենց առջև նստած մի տիկնոջից ու պարոնից, որոնք, պարզ երևում