Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

— Կհավատա՞ս, որ չգիտեմ ինչ են խաղում և ովքեր են խաղացողները։

— Լսիր և կիմանաս։ Պիեսը նոր է, ես էլ չգիտեմ, իսկ խաղացողները տեղիս հայտնի ընտանիքների պատկանող տիկիններ, օրիորդներ և պարոններ են։

— Հա-ա՞ ։ Ուրեմն լռենք և լսենք։

Հիրավի, առժամանակ Վահանը լուռ էր և ուշի-ուշով դիտում էր ներկայացումը։ Բայց երկար դիմանալ չկարողացավ. այս անգամ սկսեց ծաղրել դերակատարներին, չնայելով քրոջ պարզապես արտահայտած դժգոհության նշաններին։

— Այս ի՜նչ երևելի հայերեն են ջարդում ձեր հայտնի ընտանիքների պատկանող տիկինները, օրիորդները, պարոնները։ Մի լավ լսիր, թե աստվածդ կսիրես։ «Եիես ձիեզ սիրյում իեմ»... «Բարիեթով չիեմ կարող արտահատիել»... «Ագաչյում իեմ»... «Ի՞չպիես կրվիեմ», ուզում է ասել, երևի, ի՞նչպես կռվեմ...

— Ս՜սս,— լսվեց նրա հետևից։

Վահանը լռեց, ուզեց ետ նայել, բայց թե տեղը նեղ էր, և թե վիզ չուներ, որ գլուխը շրջեր:

Թատրոնի դահլիճում անտանելի շոգ էր, այնպես որ խաղամիջոցին ամենքը դուրս թափվեցին պարտեզ։ Այստեղ քույր ու եղբայր նստեցին սպիտակ սփռոցով ծածկված սեղաններից մեկի մոտ, ճեմելիքի կողքին։

— Սարսափելի ծարավ եմ,— ասաց Վահանը.— մի շիշ գարեջուր բերել տամ, դու էլ կխմես, չէ՞։

— Ես գարեջուր չեմ խմում։

— Լիմոնա՞դ։

Քույրը նայեց եղբոր աչքերին. նրա սառն հայացքի մեջ ինչ-որ անհաշտ բան կար։

— Հետո չե՞ս վախենալ, որ պարտավորեցնես...

Վահանը ծիծաղեց և մոտիկ կանգնած սպասավորին պատվիրեց, որ մի շիշ սառն լիմոնադ բերի։

— Դու ինձ հանդիմանում ես, քույրիկ ջան,— ասաց նա մի սիգար վառելով,— բայց որ լավ մտածես, կտեսնես, որ ես ընտրել եմ մարդկային կյանքի բոլոր նշանաբաններից ամենախելացին։ Դու քեզ համար, ես ինձ համար։ Սա օբսոլյուտիստների «ամենքը մեկի համար» վարդապետությունը