Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Այս էջը հաստատված է

— Այդ ի՞նչ սրամիտ բժիշկ եք ունեցել,— բացականչեց Բադամյանը ծիծաղելով, շատ լավ իմանալով, որ նա ոչ մի բժշկի հետ այդպիսի խոսակցություն չի ունեցել, այլ դա նրա հեգնության ձևերից մեկն է միայն։

— Հավատացեք, որ ես կատակ չեմ անում,— նկատեց Վահանը լրջորեն։— Բժիշկս ապացուցանում էր ինձ, թե սրանք այնպիսի միջոցներ են, որ ընդունակ են ինձ պես մի ճարպակոլոլ մարդու թոքախտ անգամ պատճառելու, ո՛ւր մնաց լղարացնելու։ Սկզբում ես էլ ձեզ պես կարծում էի, թե նա կատակ է անում, բայց առաջին իսկ պատահական փորձով տեսա, որ մարդը շատ երևելի գյուտ է արել։ Ասեմ ինչպես։ Նույն օրը, որ բժիշկս տվավ ինձ այդ խորհուրդը, ձեր լրագրի մեջ կարդացի պոլեմիկական մի հոդված, որի մեջ գրված էր, թե թքում եք ձեր հակառակորդի թերթի վրա։ Հետևյալ օրը կարդացի ձեր հակառակորդի պատասխանը։ Նա գրում էր՝ «էն գլխից թքել ենք ձեր վրա էլ, ձեր թերթի վրա էլ և այդ թուքն էլ ափսոսացել»։ Այդ որ կարդացի, իսկույն վազեցի մեյդան, հինգ կոպեկ տվի, նստեցի կշեռքը և կշռել տվի ինձ։ Ինչ եք կարծում. երկու ֆունտի լափ արդեն պակասել էր ծանրությունս, մի ֆունտը ձեր լրագրի հաշվին, երևի, մյուսը՝ ձեր հակառակորդի։

— Չլինի՞ թե այժմ էլ թատրոն եք եկել նույն փորձը կատարելու համար,— հարցրեց Բադամյանը՝ շարունակելով ծիծաղել։

— Գտա՛ք։ Սա երկրորդ փորձը կլինի, և ես համոզված եմ, որ մի-երկու ֆունտ էլ էգուց առավոտ կլինի պակասած ճարպիցս— այնպիսի աննման մի հայերեն եմ լսում այս գիշեր։

— Որ այդպես է, եկող կիրակի էլ բարեգործական ընկերության ժողովն է լինելու. եկեք, թերևս մի-երկու ֆունտ էլ այնտեղ կորցնեք:

— Կգամ, անպատճառ կգամ,— ասաց Վահանը, շիշը դատարկեց Բադամյանի բաժակի մեջ և սպասավորին պատվիրեց, որ մի նոր շիշ բերի:

Վահանի հետ խոսելիս Բադամյանն աշխատում էր հարմարվել նրա հեգնական տոնին ու վարմունքին։ Վահանին նա