Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Այս էջը հաստատված է

— Հետո, ինչպես իմացա, դուք օրինակելի եղբայր չեք եղել։ Մանեն գանգատվում էր, որ տարին հազիվ մի երկու անգամ Թիֆլիս եք գալիս և եկած ժամանակն էլ ամենից վերջն եք հիշում իրեն։ Ճիշտն ասած, ես ամենևին չէի կամենալ ձեզ նման մի եղբայր ունենալ։

— Իսկ ես, երևակայեցեք, օրիորդ, փափագելով կփափագեի ձեզ նման տասը քույր ունենալ։

— Ինչո՞ւ։

— Որպեսզի որքան կարելի է հեռու փախչեի։

Հեղինեն տարակուսանքով նայեց Մանեին, Բադամյանին, հետո Վահանին։

— Ինչպե՞ս ընդունեմ ձեր այդ խոսքերը,— կատա՞կ, թե՞ վիրավորանք։

— Իհարկե, կատակ։ Քույրս ինձ հանդիմանում էր, որ ես գիտեմ միայն կատակ անել, հեգնել, ծաղրել և բամբասել. խաբելն ու սուտ խոսելն էլ խո դուք ասացիք։ Այս րոպեիս էլ իմ այդ բոլոր ընդունակություններս ի մի հավաքած՝ ուզում էի խոսել պարոն Բադամյանի «Ապահարզանի» մասին։

— Իհարկե, դուք չեք հավանիլ այդ վեպը,— նկատեց Նասիբյանը, հարևան սեղանի մոտից մի աթոռ քարշ տալով և նստելով Բադամյանի կողքին։

— Ա՛հ, այդ դո՞ւք եք, պարոն Նասիբյան։ Բարև ձեզ։ Բայց նախ՝ ինչպե՞ս է ձեր թանկագին առողջությունը։

— Շնորհակալ եմ։

— Հետո՝ ինչո՞ւ չպետք է... Ի՞նչ եք կամենում։ Լուցկի՞։ Համեցեք․․․ Ինչո՞ւ չպետք է հավանեի պարոն Բադամյանի վեպը, համարձակվում եմ իմանալ։

Նասիբյանը վառեց պապիրոսը և լուցկու տուփը դրեց Վահանի առաջ։

— Որովհետև խավարամիտների բանակին եք պատկանում,— ասաց նա և ծխախոտի ծուխը կուլ տալուց սկսեց հազալ:

— Օ՜, այդ ինչ սոսկալի բառեր եք գործածում, պարոն Նասիբյան։ Խղճացեք ինձ, խնդրում եմ։ Ինչպե՞ս կարող էի չհավանել պարոն Բադամյանի ռոմանը, քանի որ Պառնելի մասին ձեր գրած հոդվածը սարսափելի հավանել եմ։ Իսկ պարոն Բադամյանի ռոմանի բովանդակությունն ու Պառնելի