Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Այս էջը հաստատված է

հրեշ, որի հետ ոչ թե միայն ձեր նկարագրած կանայք, որոնք սովորաբար հրեշտակներ են լինում, այլև քառասուն պոզ ու պոչ ունեցող սատանան էլ չի կարող ապրել։ Նախ՝ միշտ այդպե՞ս է լինում արդյոք։ Հետո՝ դա ի՞նչ փտած ձև է, որ շուն ու կատու դառած ամուսինների մեջ անպատճառ ներս եք խոթում մի երրորդ անձնավորություն, որին և հանձնում եք ծանրության կենտրոնը։ Այդ միջանկյալ անձնավորությունն անպատճառ կնոջ սիրահարն է։ Առանց սիրահարի ամուսնական խնդիր չի լուծվում, մինչև անգամ իսկի խնդիր էլ չի լինում, ձեր կարծիքով։ Կինը հրեշտակ, մարդը հրեշ, սիրահարն իդեալիստ, անարդարության և հասարակաց կարծիքի դեմ բողոքողի կնիքը ճակատին։ Կինը մեռնում է թոքախտից, ամուսնու ճիրանների մեջ, սիրահարը վազում խելագարվում է սիրած կնոջ գերեզմանի վրա, իսկ հրեշ-ամուսինը, երկուսի գլուխն ուտելուց հետո էլ, շարունակում է իր ուրախ, անհոգ կյանքը։ Ահա՜, ձեր, գրողներիդ, շաբլոնը, որը պապիս պապի ժամանակից արդեն փտել է ժանգից։ Չի՞ կարելի արդյոք, որ մի անգամ էլ շուռ տաք այդ շաբլոնը և այդպես չափեք, ամուսինն անլեզու մի անասուն, կինը մի պոռնիկ, սիրահարը մի լովելաս-շառլատան։ Այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես ամեն բան պրտիտյուս կլինի, ինչպես ասում է ղարաբաղցին։ Բայց չէ՛, դուք խորամանկ մարդիկ եք, ուզում եք կանանց սիրտը շահել,— տեսա՞ք, օրիորդն ինչպես փառաբանում էր ձեզ,— թե չէ՝ անլեզու անասուններից ի՛նչ շահ։ Այնպիսի մի ռոման...

— Ներողություն, ես ուզում եմ ձեզ պատասխանել,— բացականչեց Հեղինեն, քթի վրա ուղղելով պենսնեն։

— Խնդրում եմ, մի քիչ համբերեցեք, օրիորդ, ես իսկույն վերջացնում եմ։ Այնպիսի մի ռոման, որպիսին ձեր «Ապահարզանն» է, պարոն Բադամյան, ես էլ կգրեմ, թեև գինեգործ եմ։ Հավատացնում եմ ձեզ։ Որովհետև շաբլոնը պատրաստ է, մտքերը պատրաստ են. ամեն բան պատրաստ է. հարկավոր է միայն պարապ ժամեր և համբերություն։ Ա՛յ, ձեզ ղոչաղ կասեմ, եթե կարողանաք ապահարզանի խնդիրը լուծել առանց սիրահարի։ Երեք հերոսի տեղ երկուսը դուրս բերեք— մարդ և կին։ Բայց ոչ թե մեկը հրեշ, մյուսը հրեշտակ, կամ մեկն անասուն, մյուսը պոնիկ, այլ երկուսն էլ