Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Այս էջը հաստատված է

Թեպետ ես այդ Պետրովի հետ այնքան հարաբերություն չեմ ունեցել և չէի կարող ունենալ, բայց դրան լավ եմ ճանաչում։ Դա մի եղբայր ունի, որ համալսարանում իմ ամենալավ ընկերներից մեկն էր, նա ինձ դրա բոլոր արկածները պատմում էր։ Դրան այնտեղ մի քանի շրջաններում Դոն-Ժուան են կոչում, թեպետև, ճշմարիտն ասած, դրա մեջ դոն-ժուանական ոչնչից ոչինչ չկա. երևի ծաղրում են, բայց և այնպես դա հայտնի է յուր բազմաթիվ սիրային արկածներով։ Ես կարող եմ հավատացնել, որ բացի գեղեցկուհիների շուրջը քծնելուց ու նրանց ձեռքերը լպստելուց, դա ուրիշ բան ու գործ չունի։

— Բայց իշխանուհին ի՞նչպես է նայում դրա վրա...

— Նա ատում է դրան, երեսն անգամ չէ ուզում տեսնել։ Քանի անգամ դա խնդրել է նրա ձեռքը, բայց նա մերժել է։ Ամենալրբերից մեկն են ասում այդ Պետրովին. ոչ ամաչում է և ոչ հուսահատվում և ամենուրեք հետևում է նրան։ Ինչպես յուր եղբայրն էր ասում, նա երդվել և, մինչև անգամ, գրազ է եկել յուր նման մի քանիսների հետ, որ իշխանուհուն անպատճառ կգրավի յուր կողմը։ Այդ պատճառով ահա նա վազել է նրա ետևից Թիֆլիս։

— Բայց ի՞նչու իշխանուհին ատում է դրան։

— Որովհետև չի սիրում...

Այդ րոպեին ներս մտավ տիկին Հարունյանը՝ ձեռնոցները հագնելով։

— Այդ ի՞նչ բանի մասին եք խոսում,— հարցրեց նա։

— Պետրովի մասին,— պատասխանեց Արմենակը։

— Իրավ, ես մոռացա քեզ հարցնելու, Արմենակ. ո՞վ է այդ Պետրովը։ Երեկ երեկոյան ախար ծանոթացանք նրա հետ. նա պատահեց մեզ Մուշտաիդի ճանապարհին։

Արմենակը պատմեց նրան այն բոլորն, ինչ որ յուր եղբորը։

— Ի՞նչ ես ասում,— բացականչեց տիկին Հարունյանը զարմացած։— Պետրովը սիրում է իշխանուհուն և իշխանուհին նրա՞ն...

— Ոչ, իշխանուհին չէ սիրում նրան, ասացի։ Ահա ամբողջ տարին է գնում, ինչ այդ Պետրովը նրան հանգիստ չէ