Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Այս էջը հաստատված է
8

Պարտեզի հրապարակում Վահանը որոնում էր քրոջը, երբ Մանեն դուրս եկավ մութ ճեմելիքից և մոտեցավ նրան։ Վահանը կանգ առավ ակամա և զարմացած նայեց նրա հուզված դեմքին։

— Եկ գնանք,— շշնջաց Մանեն գրեթե շնչառպառ և, բռնելով եղբոր ձեռքից, կամեցավ առաջ տանել նրան իր հետ։

— Ո՞ւր։

— Տուն։

— Դարձյա՞լ տուն։ Ներկայացումը վերջանա, է՛։

— Չեմ ուզում։ Եկ գնանք։

Վահանը պահեց քրոջը և փորձող հայացքով նայեց նրա տարօրինակորեն փայլող աչքերին։

— Սպասիր։ Ի՞նչ է պատահել։

— Ոչինչ չի պատահել։ Ես ուզում եմ, որ այս րոպեիս ինձ տուն տանես։

— Չլինի՞ թե նեղացել ես, որ քեզ մենակ թողեցի։

— Ա՜խ... Գնանք տուն ասում եմ,— ջղայնորեն արտասանեց Մանեն և նորից փորձեց եղբորը շարժել տեղից։

— Աստվածդ սիրես, Մանե, սպասիր տեսնենք ինչ է պատահել։ Դու այնքան հուզված ես, որ... Կարծես լաց ես եղել... Չլինի՞ թե Նասիբյանը...

— Ո՛չ, ո՛չ... Արի գնանք։

— Մանե, աղաչում եմ, ասա ճշմարիտը։ Եթե նա քեզ որևէ անախորժ բան է ասել իմ ջիգրը հանելու համար, այս րոպեիս կփշրեմ նրա ոսկորները։

— Ա՜խ, ի՜նչ անտանելի մարդ ես... Ես Նասիբյանին չեմ էլ տեսել։

— Բաս ո՞վ է նեղացրել քեզ։ Ո՞ւմ հետ էիր։

— Բադամյանի հետ.— ասաց Մանեն արդեն ճարահատյալ:

— Ա՜...

Մանեն սկզբում վախեցավ, հետո հանկարծ զսպեց իրեն և սուր-սուր նայեց եղբոր աչքերին։