— Լսիր, Վահան, իջիր։ Աղաչում եմ, իջիր: Բան ունեմ ասելու։
— Դե ասա է՛լի:
— Չէ՛, ներս արի։
Վահանն իջավ, կառքը ճանապարհ դրեց և քրոջ հետևից ներս մտավ տուն։
— Կապրիզներ եմ ասում, է՜,— ասաց նա սանդուղքով բարձրանալիս, որի ժամանակ աստիճանները ճռճռում էին նրա ահագին ծանրության տակ։
Մի քանի րոպե հետո քույր ու եղբայր նստած էին հյուրասենյակում իրար դեմ։
Վահանը ճրագի լույսի տակ լավ նայեց քրոջ դեմքին։
— Երեսիդ գույն չկա,— նկատեց նա։— Սկեսուրդ որ տեսնի, սիրտը խո կճաքի։
— Սկեսուրս այժմ քնած է։ Նա միշտ վաղ է քնում,— մեբենայաբար պատասխանեց Մանեն։
Կարճ ժամանակ լռություն տիրեց։ Վահանը հետաքրքրությամբ դիտում էր քրոջը և, արմունկով ծնկանը հենված, ծխում էր հանգիստ։
— Դե ասա տեսնենք ինչ ես ասում,— ասաց նա։
Մանեն կամ չէր վստահանում, կամ չէր իմանում ինչպես սկսեր։ Այժմ խիստ տարօրինակ անհանգստություն էր տիրել նրան. նա չէր նայում եղբորը, նրա տենդային հայացքը թափառում էր մի առարկայից մյուսը. նա զգում էր, որ դեմքը մերթ այրվում է սաստիկ, կարծես բոցերի ալիք է դիպչում հանկարծ, մերթ սառում և ճակատին սառն քրտնքի կաթիլներ են դուրս ցայտում։
— Դու Բադամյանի մասին ես ուզում խոսել, չէ՞,— հարցրեց Վահանը, երկար սպասելուց հետո։
— Այո,— շշնջաց Մանեն, աշխատելով այնպիսի դիրք տալ իրեն, որ Վահանը չտեսնի իր դեմքը։ Հետո հանկարծ վեր կացավ, մոտեցավ լուսամուտներից մեկին և բաց արեց, կարծես նեղվելով օդի պակասությունից։
Վահանը, առանց դիրքը փոխելու, ծուռ հայացքով հետևեց նրան, հետո նայեց սիգարի ծայրին և, տեսնելով, որ մոխիրը վայր ընկնելու վրա է, սիգարը զգուշորեն մոտեցրեց