Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Այս էջը հաստատված է

մոխրամանին, ճկույթով խփեց և մոխիրը վայր ընկավ մոխրամանի մեջ։

— Սիրո խոստովանությո՞ւն,— հարցրեց նա։

Նրա ականջին դիպավ մի խուլ «այո»։

Չնայելով, որ Վահանը հենց սկզբից այդ պատասխանին էր սպասում, բայց և այնպես կարծես թե ապշեց, որ այդ պատասխանը լսեց և ոչ թե ուրիշ պատասխան։ Բայց այդ ապշությունը շատ շուտով անցավ։ Նա սիգարը դրեց բերանը, վեր կացավ, ձեռքերով շոշափեց իր հաստ փորը և ժիլետի տակից վեր քաշեց անդրավարտիքը։

— Թե որ այդ էր ասելիքդ, իզուր ինձ ներս կանչեցիր,— ասաց նա առաջվա անտարբեր ձայնով և աչքերը ման ածեց չորս կողմը:— Որտե՞ղ դրի գլխարկս։

Մանեն արագորեն ետ քաշվեց լուսամուտից և նայեց եղբորը միաժամանակ թե՛ վախեցած, թե՛ զարմացած։

Վահանը գտավ գլխարկը և ծածկեց։

— Բարի գիշեր։

Մանեն առաջ վազեց և հուսահատական անզորությամբ կախ ընկավ նրա ուսերից։

— Վահան... դու գնո՞ւմ ես։

— Բաս ի՞նչ անեմ։

— Եվ այդ եղբա՞յրս է ասում։

— Եղբայրդ ի՞նչ գործ ունի այստեղ։ Այդ դու, այն էլ Բադամյանը։

— Վահա՛ն... Վահա՛ն ջան... սպասիր... Մի՞թե չես ուզում ինձ այստեղ ևեթ սպանել...

— Որպեսզի հետո աքսո՞ր գնամ։ Շատ շնորհակալ եմ:

Մանեն այս անգամ չոքեց եղբոր առաջ և պինդ գրկեց նրա ոտները։

— Վահա՛ն, Վահա՛ն,— աղաղակեց նա հուսահատական աղերսանքով,— ես մենակ եմ, ես անդունդն եմ գլորվում, ազատի՛ր ինձ... Մի՞թե եղբայրս չես, մի՞թե չես սիրում ինձ։ Մի՞թե կուզես, որ քույրդ արատավորի իր ընտանիքը, թշվառացնի իր ամուսնուն, անառակ կնոջ անուն հանի։ Մի՞թե առաջինը դո՛ւ չպիտի լինես ինձ հանդիմանողը, ինձ անարգողը, երեսիս թքողը։ Մի՞թե իմ պատիվը քո պատիվը չէ, իմ անունը՝ քո անունը։ Տեսնո՞ւմ ես, ես չոքած եմ քո առաջ,