Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/419

Այս էջը հաստատված է

ես աղերսում եմ, պաշտում եմ քեզ իբրև իմ միակ ազատչին, ազատի՛ր ինձ, ազատի՛ր այս անտանելի տանջանքներից։ Մինչև այժմ ես կարևեր ուժ եմ գործ դրել մաքառեու և մաքառել եմ, որքան կարողացել եմ. բայց այժմ արդեն զգում եմ, որ ուժերս թուլանում են, և անդունդը, սոսկալի անդունդը պատրաստ է ինձ կլանելու... Վահա՛ն, լսո՞ւմ ես, ես կործանվելու վրա եմ... և կկործանվեմ, անպատճառ կկործանվեմ , եթե չփրկես ինձ... Ես ոչինչ չեմ ուզում քեզնից, միայն խորհուրդ տուր՝ ի՞նչ անեմ, ինչպե՞ս դուրս գամ այս անտանելի դրությունից...

— Նախ վեր կաց. դա բանի նման չէ,— ասաց Վահանը։— Ոտներս այնպես հուպ ես տալիս, որ քիչ է մնում վայր գցես և տրաքոցս վեր հանես։ Եվ այդ ի՞նչ անբնական լեզվով ես խոսում, բեմի վրա՞ ես, ինչ է։ Իսկ խորհուրդս— ահավասիկ. դիմիր ամուսնուդ. եթե թույլ կտա, որ սիրես Բադամյանին— սիրիր, իսկ եթե ոչ, հանգիստ նստիր քեզ համար տանը և... «Դոն Կարլոսը» կարդա... չէ՛, ավելի լավ է այդպիսի գրքեր ամենևին չկարդաս։ Վեր կաց։

Մանեի գլխին կարծես սառը ջուր մաղեցին։ Նա կամաց թողեց եղբոր ոտները, որոնց մի րոպե առաջ սեղմում էր ձեռքերի մեջ խեղդվողի պես, վերին աստիճանի կոտրված, ամոթահար հայացքով նայեց ներքևից վերև՝ եղբոր միշտ հեգնող, սակայն այս անգամ տարօրինակ սառն ու լուրջ աչքերին և վեր կացավ։ Նրա դեմքն այժմ այնպես սառած, այնպես գունատ էր, որ կարծես մահամերձ հիվանդ լիներ։ Նա այլևս ոչ մի խոսք չարտասանեց, երեսը դարձրեց եղբորից և հեռացավ այնպիսի բութ զգացման տակ, որ կարծես թե հանկարծ դագանակի ծանր մի հարված էին իջեցրել գլխին և շշմեցրել։

Վահանը նայեց ժամացույցին։

— Բարի գիշե՛ր. ես վերադառնում եմ թատրոն,— ասաց նա և դուրս գնաց։

Մանեն նստեց։ Այնպիսի մի թմրության էր զգում ամբողջ մարմնի մեջ, որ կարծես թե երկարատև ճանապարհորդություն էր կատարել սայլով, որից նոր իջել էր և ուժ չուներ ոտի վրա կանգնելու։ Նա խոնարհվեց ծնկների վրա և երեսն առավ ձեռքերի մեջ: Ամոթի նման ծանր ու սպանիչ մի