զգացում վայրկյան առ վայրկյան արյունը նետում էր նրա գլուխը, շամփրում ուղեղը և բոցի պես այրում այտերը: Հանկարծ նա ցնցվեց և շտկվեց, նայեց դռանը։
Վահանը նորից ներս մտավ սիգարը բերանին, գլխարկը դրեց աթոռի վրա և նստեց իր առաջվա տեղը։
Մանեն նայեց նրան այնպիսի զարմացական-հարցական հայացքով, որ կարծես թե մի նոր մարդ է տեսնում իր առաջ, բոլորովին նոր ու անծանոթ մի մարդ, որ անսպասելի կերպով ներս մտավ և նստեց իր առաջ։
— Դու ախր ինձ իսկապես ոչինչ չասացիր,— ասաց Վահանը այնպիսի մի եղանակով, որից պարզ երևում էր, որ ուզում է մեղմել իր վարմունքի թողած ծանր տպավորությունը։— Թեպետ սիրո պատմությունը մեկ է, բայց և այնպես հետաքրքրական է իմանալ, թե ինչպես է եղել այդ. ինչպե՞ս են ձեր հարաբերությունները և այլն։ Պատմիր տեսնենք։
— Ինչո՞ւ համար,— հարցրեց Մանեն։
— Որպեսզի իմանամ, թե ինչ խորհուրդ կարելի է տալ։
— Խորհուրդդ տվիր վերջացավ, էլ ի՞նչ նոր խորհուրդ։
— Այն կատակ էր, իսկ այժմ ուզում եմ լուրջ խոսել։
— Իսկ ես այլևս չեմ ուզում խոսել և շատ զղջում եմ, որ սիրտս բաց արի քո առաջ։
— Ճի՞շտ։
— Այո։
— Ուրեմն գնա՞մ։
— Ես քեզ չխնդրեցի, որ ետ դառնաս։
Վահանը զարմացած նայեց քրոջը, հետո ծիծաղեց։
— Բավական խռովկան ես եղել, ա՛յ։ Լավ, ի՞նչ ասացի, որ այդպես նեղացել ես։
— Ոչինչ, միայն խնդրում եմ ազատիր ինձ քո խորհուրդներից։
— Բաս մի քիչ առաջ ինքդ էիր խնդրում, որ խորհուրդ տամ։
Մանեն վեր կացավ տեղից։
— Ի սեր աստծո, վերադարձիր թատրոն,— ասաց նա, զգալով, որ ջղայնությունը նորից բռնում է իրեն։
Վահանը նորից ծիծաղեց և վեր կացավ։