Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422

Այս էջը հաստատված է

եկավ։ Դուռը բաց արեց ինքը Մանեն։ նա չպատասխանեց Բադամյանի բարևին և լուռ ետ քաշվեց, որ մտնի։ Այնուհետև դուռը փակեց և նույն լռությամբ առաջնորդեց նրան ընդունարան։

Բադամյանը նստեց և նայում էր Մանեին ապշած։ Վերին աստիճանի տարօրինակ էր թվում նրան Մանեի սառնության չափ հանգիստ ընդունելությունը և մանավանդ խորհրդավոր լռությունը։ Մանեն վարվում էր այնպես, որ կարծես թե Բադամյանը չէր, որ խնդրել էր այդ տեսակցությունն՝ իր որոշումը հայտնելու նրան, այլ Մանեն էր պահանջել նրանից, որ գա լսելու ա՛յն, ինչ որ ինքը կասի նրան։ Այդ պատճառով Բադամյանը նստած էր լուռ և սպասում էր, թե ինչ էր ասելու նա։

Մանեն նստեց Բադամյանի դիմաց և առաջին անգամ իր հանգիստ հայացքով նայեց նրան։ Նա սև էր հագած, և այդ սև հագուստի մեջ խիստ որոշակի աչքի էին ընկնում նրա սպիտակ ձեռքերն իրենց երկայն մատներով ու վարդագույն եղունգներով և ավելի ևս սպիտակ ու լղար վիզը, որի վրա ակոսում էին կապույտ երակները։

— Ես ձեր նամակին չէի պատասխանիլ,— խոսեց նա վերջապես,— եթե ստորագծված բառերը չլինեին և եթե նամակն ինքն այնքան վճռական տոն չունենար։ Բացի դրանից, ես ինքս ուզում էի մի անգամ առ միշտ վերջ տալ այս դրությանը։ Իսկապես որ անկարելի է այլևս շարունակել այսպես։ Ես այս բանը միշտ ասել եմ ձեզ և այժմ ուրախ եմ, որ դուք ևս նույն համոզմանն եք եկել վերջապես։ Պետք է վերջ տալ այս դրությանը, պե՛տք է անպատճառ։ Մենք մենակ ենք. ոչ ոք չի խանգարիլ մեզ։ Հույս ունիմ, առաջվա պես չենք գրգռվիլ, չենք կռվիլ, չենք վիրավորիլ իրար, կխոսենք հանգիստ և կխորհրդակցենք միասին, թե ո՛րն է ամենալավ միջոցը, որով կարող կլինինք ճնշել այս հանցավոր կիրքը և վերստանալ մեր նախկին անդորրությունը։ Չէ՞ որ մենք մարդ ենք, խոհական արարած, և միայն բնազդը չէ, որ ղեկավարում է մեր զգացումները։ Մենք ամեն բան կարող ենք անել, եթե միայն կամենանք և հաստատ վճռենք։ Այս բանն ասում եմ ոչ այնքան իմ, որքան ձեզ համար։ Ես պարզորեն պիտի խոստովանեմ ձեզ. ձեր նամակի տոնը վախեցրեց ինձ, որովհետև