Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/425

Այս էջը հաստատված է

Մանեն նստած էր արտաքուստ բոլորովին հանգիստ և, ձեռքերը կրծքին ծալած, վշտահար կարեկցությամբ նայում էր նրա երկայն գանգուր մազերին։

— Բադամյան, մի՛ դատապարտեք ինձ,— շշնջաց նա կամաց, հանգստացնող ձայնով։— Ինձնից մի՛ պահանջեք այն, ինչ որ չեմ կարող անել, ինչ որ չպե՛տք է անեմ։ Մի րոպե մոռացեք այդ կիրքը, մտեք իմ դրությունը...

— Ո՛չ, ես ո՛չ մի դրություն չեմ ուզում ճանաչել,— բացականչեց Բադամյանը նոր հուզումով և նորից վեր թռավ տեղից։— Բավական է, որքան տանջվեցի, այլևս ուժ չկա դիմանալու։ Այս տրագիկոմեդիան պետք է վերջացնենք:

Նա հաստատուն քայլերով մոտեցավ Մանեին, կանգ առավ նրա առաջ և նայեց նրա աչքերին վերին աստիճանի վճռական հայացքրվ։

— Լսեցեք, Մանե։ Հարցն ես տալիս եմ կտրուկ կերպով և խնդրում եմ, որ պատասխանն էլ կտրական լինի։ Թողնո՞ւմ եք ձեր ամուսնուն և գալի՞ս եք ինձ հետ, թե ոչ։

Մանեն նախ ծանր-ծանր շարժեց գլուխը բացասաբար, հետո ուժեղ շեշտով պատասխանեց.

— Ո՛չ:

— Ո՛չ, ասում եք։

— Ո՛չ։

Բադամյանը կարճ ժամանակ լռեց, շարունակելով անթարթ նայել Մանեի աչքերին։ Երևում էր, որ նա ահագին ջանք է գործ դնում հանգիստ մնալու։

— Լա՛վ մտածեցեք։ Մանե։ Երրորդ անգամն եմ հարցնում։ Ո՞չ։

Մանեն հանկարծ վեր կացավ տեղից։

— Դա ի՞նչ ինկվիզիցիա է, չեմ հասկանում,— արտասանեց նա, չկարողանալով զսպել իր զայրույթը։— Ես, կարծեմ, երեխա չեմ և հասկանում եմ, թե ինչ եմ պատասխանում։

Բադամյանը գունատվեց և, կարծես միանգամից զրկվեց խոսելու ընդունակությունից։ Նրանք կանգնած էին իրար դեմ առ դեմ և նայում էին իրար աչքերի, Մանեն՝ անսասան հաստատակամությամբ և վիրավորված, Բադամյանը՝ զարմացած, շփոթված և վախեցած։ Այնուհետև, Բադամյանը կամաց դարձավ,