Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/428

Այս էջը հաստատված է

ինչ որ վաղուց գիտեի ձեր ամուսնու մասին։ Չեմ հայտնել, որովհետև չեմ կամեցել ձեզ վրա ազդել որևէ կողմնակի միջոցով, որովհետև համոզված եմ եղել, թե սերն ինքն արդեն բավարար հիմունք և դրդիչ պատճառ պիտի լինի ձեզ համար ձեր անելիքը որոշելու: Բայց այժմ դուք ինքներդ եք ստիպում ինձ դիմելու ծայրահեղության։ Եվ ես ասում եմ ձեզ, որ ձեր ամուսինն անբարոյական և հրեշ մարդ է... ասում եմ ո՛չ թե նրա համար, որ դրանով ստիպեմ ձեզ թողնելու նրան և գալու ինձ հետ,— ո՛չ, ես արդեն հույսս կտրել եմ ձեզնից, և ոչ թե փոքրոգի վրեժխնդրությունից, ես չափազանց հպարտ եմ այդ աստիճան ստորանալու համար,— այլ ասում եմ նրա՛ համար, որ բաց անեմ ձեր աչքերը, ցույց տամ ձեզ, թե ո՛ւմ համար եք կատարում ձեր ամուսնական պարտքը ձեր խղճի առաջ և ո՛րքան խաբված եք եղել դուք...

Մանեն լսում էր Բադամյանի խոսքերի տարափն ավելի ու ավելի ապշելով։ Մինչև այժմ Բադամյանի բերանից ոչ մի վատ խոսք չէր լսել իր ամուսնու մասին, և Բադամյանը միշտ խուսափել էր վերջինիս մասին խոսելուց, իսկ այժմ...

— Բադամյան,— ասաց նա հանգիստ և խիստ լրջորեն,— դուք ինձ շատ ծանր դրության մեջ եք դնում։ Մի՞թե չգիտեք, որ ձեր այդ խոսքերից հետո ես ապացույց կարող եմ պահանջել ձեզնից։

— Եվ ես կտամ ձեզ այդ ապացույցը։

Մանեն ցնցվեց և մի վայրկյան մնաց կարկամած։ Հետո հանկարծ շտկվեց և խստորեն մեկնեց ձեռքը։

— Տվե՛ք,— հրամայեց նա։

Բադամյանն իսկույն ծոցից հանեց մի նամակ, բաց արեց և տվեց նրան։

— Կարդացեք այստեղից։

Մանեն սկսեց կարդալ.

«... Սրանից մի քանի տարի առաջ մեր գյուղացիները զայավկա էին տվել գյուղիս հողերի սահմաններում գտնված երկաթի հանքերի համար։ Երկար չարչարվելուց և ահագին փողեր ծախսելուց հետո մեկ էլ տեսան, որ իրենց գտած հանքերին տեր է կանգնել ինժեներ ոմն Գ. Ս. (խմբագրության համար— Գրիգոր Սանթրոսյան)։ Թե որտեղից, ինչպես և ինչ իրավունքով էր այդ հարուստ ինժեները տեր դառել