Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/433

Այս էջը հաստատված է

Մանեի ծնոտի տակ ջիղն սկսեց ցնցվել ավելի ուժգին: Նա նայում էր եղբոր ժպտուն ճարպալի աչքերին, և երկար ժամանակ հոգեկան խորին վրդովմունքը թույլ չէր տալիս նրան խոսելու։

— Վահա՛ն,— վերջապես արտասանեց նա հազիվհազ,— որ իմանաս որքա՜ն ատում եմ քեզ այս րոպեիս...

— Վնաս չունի, քույրիկ ջան, հետո էլի կսիրես,— նկատեց Վահանը ծիծաղելով։— Հիմա ատում ես, որովհետև անցած գիշեր անզգուշություն ունեցա մի քիչ վատ խոսելու բարեկամիդ մասին։ Նա որ լավ մարդ լիներ, հարյուր ֆրանկս չէր մոռանալ:

Մանեն զզվանքով դարձրեց երեսը և ավելի լավ համարեց դուրս գնալ, քան մնալ եղբոր մոտ, որի հանգստությունը, ձայնը, ժպիտը, հեգնությունները տակնուվրա էին անում նրա ամբողջ ներքինը։

— Ի՞նչ խոսեմ քեզ հետ, քանի որ քեզ համար հարյուր ֆրանկն ավելի մեծ արժեք ունի, քան թե...— ասաց նա տարօրինակ հանգիստ ձայնով և, խոսքը չվերջացրած, դիմեց դեպի դուռը։

— Քան թե... քրոջս պատի՞վը,— կանչեց նրա հետևից Վահանը։

Արյունը խփեց Մանեի գլխին, կարծես աներևույթ ձեռքերը հանկարծ բռնեցին նրա ուսերից և ուժգին թափով դարձրին նրան դեպի Վահանը։

— Լռի՛ր, օձ,— աղաղակեց նա անզուսպ կատաղությամբ։— Դու իրավունք չունես խոսելու իմ պատվի մասին: Անցած օրը ոտներդ էի ընկել, որ ինձ մի ճանապարհ ցույց տաս այս դժոխային դրությունից դուրս գալու համար. ես աղաչում, պաղատում էի, որ մինչև անգամ սպանես ինձ: Բայց դու ի՞նչ արիր։ Այդ ատելի սիգարը բերանիդ, զզվելի սովորությանդ համաձայն, միայն ծաղրեցիր, հեգնեցիր և խույս տվիր անտարբերությամբ։ Դու այդպես ես եղել միշտ և այդպես ես նույնիսկ այս կրիտիկական վայրկյանին, երբ ես պատրաստ եմ պարզապես անձնասպանություն գործելու։ Եվ դու համարձակվում ես խոսել իմ պատվի՜ մասին։ Աշխարհիս երեսին բացի քեզնից ուրիշ ոչ մի սրտակից չունեի, որի առաջ կարողանայի բանալ սիրտս, որի հետ կարողանայի