Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Այս էջը հաստատված է

բան գրեմ, ու կգրի, է՛լի ո՞վ է ձեռքը բռնողը: Կյանքի մեջ էլ, ինչպես երևում է, ուզում է վարվել իր հնարած վերջին ռոմանի շաբլոնով. սիրուհին դու ես, սիրահարն ինքն է. մնում է ամուսինդ, որին, իհարկե, պետք է գազանի կերպարանք տալ կոնտրաստը շեշտելու համար։ Տարբերությունն այն է միայն, որ ինքն, իբրև սիրահար, այնքան հեռու է իր վեպի իդեալիստ հերոսից, որքան նրան տված իմ հարյուր ֆրանկն իմ գրպանից։

— Վահա՛ն, Վահա՛ն... գոնե ա՛յժմ կատակ մի անիր,— աղերսեց Մանեն հուսահատության արցունքն աչքերին։— Մի՞թե չես տեսնում ինչ դրության մեջ եմ ես։

— Ինչպե՜ս չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ հուսահատության մեջ ես և... զղջում ես, թե ինչո՛ւ ես նրան վիրավորել ու վռնդել։ Իսկ ես կարծում էի, թե իմ վերջին խոսքերն էին քեզ ազդողը, որ, վերջապես, դուրս եկար քո անառիկ բերդից և սկսեցիր լալ։ Դու զղջում ես, թե ինչո՞ւ ես նրան միստիֆիկատոր անվանել, որովհետև կասկածում ես, թե մի գուցե ճիշտ է այն նամակը, և, ինչպես տեսնում եմ, սրտիդ խորքում ցանկանում էլ ես, որ ճիշտ լինի, որպեսզի...

— Օ՛հ, քեզ հետ երբեք չի կարելի խոսել,— բացականչեց Մանեն ծայրահեղ հուսահատությամբ։

— Սպասիր, մի տաքանար։ Օրինակ առ ինձնից և լսիր ինչ եմ ասում։ Եթե չես կասկածում, եթե համոզված ես— և, իհարկե, համոզված ես, որ այն նամակը նա է հորինել, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում, թե մի՞թե ճիշտ չես ասել, մի՞թե ամուսինդ ընդունակ է այդպիսի բաներ անելու և ո՛չ թե միայն ամուսինդ, ավելացնում ես դու, այլ թեկուզ հենց ամենագազան մարդը։ Եվ եթե ասեմ թե` այո, ընդունակ է, այն ժամանակ դու պատրաստ ես հենց այս րոպեիս հեռանալու, քո ասելով` ինձ մոտ գյուղը, բայց իմ հասկանալով Բադամյանի մոտ։ Ահա` քո դրությունը կամ, ավելի ճիշտը, քո դրության հոգեբանությունը։

Մանեն ձեռքերը ջարդեց։

— Օ՜հ, ինչո՞ւ դուրս եկա, ինչո՞ւ խոսեցի քեզ հետ,— հառաչեց նա։

— Եթե ճիշտ չեմ ասում, է՛լի դուրս արա։