— Իսկ եթե ես ձեր խորհուրդը մերժե՞մ,— ասաց Բադամյանը, զգալով, որ տարօրինակ մի դող բռնում է իր մարմինը։
Ժպիտը չքացավ Վահանի դեմքից։
— Դա պարզ համառություն կլինի,— նկատեց նա, ձեռքերը կոխելով անդրավարտիքի գրպանները և նայելով Բադամյանի ոտներին։
— Եվ դուք չե՞ք հասկանում, թե ինչի համար կլինի այդ համառությունը։
— Ոչ։ Դժվարանում եմ հասկանալ։
Բադամյանի աչքերը վառվեցին։
— Նրա՛ համար կլինի, պարո՛ն,— ասաց նա զսպած զայրույթի շեշտերով,— որ դուք խառնվում եք ձեզ չվերաբերող գործի։
Վահանը հանկարծ նայեց նրա աչքերին։
— Պահո՜, մի՞թե,— ասաց նա, ձեռքերը դանդաղորեն հանելով գրպաններից և դարսելով հետևը։— Իսկ ես կարծում էի, թե դուք գիտեք, որ ես իմ քրոջ եղբայրն եմ։
— Այդ ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ձեր նրա եղբայր լինելն իրավունք չի տալիս ձեզ նրա հետ միասին ի՛մ դատավորը լինելու։
— Բռա՜վո, լավ ասացիք. կսիրեմ այդպիսի ազատասիրությունը։ Բայց, պարոն Բադամյան, ես խո չեմ եկել իբրև դատավոր. ես եկել եմ միայն իբրև բարի խորհրդատու։
— Այդպիսի դեպքում ե՛ս պիտի խնդրած լինեի, որ գաք ինձ մոտ, կամ ինքս պիտի գայի ձեզ մոտ։ Իսկ ես ամենևին կարիք չեմ զգում ձեր խորհրդին դիմելու,— ասաց Բադամյանը և հեռացավ Վահանից։
— Դարձյալ բռա՜վո. այդ ինքնավստահությունն էլ կսիրեմ։ Բայց ինձ բոլոր իրավունքներից զրկելուց հետո խո չե՞ք կարող զրկել այն իրավունքից էլ, որ կարծեմ ունիմ ես իմ քրոջ պատիվը պաշտպանելոլ համար։
Բադամյանն արագորեն դարձավ դեպի Վահանը։
— Ի՞նչ... ինչ ասացի՞ք... պատի՞վը,— արտասանեց նա բուռն հուզումից ձայնը հետզհետե բարձրացնելով։— Պարո՛ն, ես կխնդրեի, որ դուք մի քիչ զսպեիք ձեր լեզուն։ Ինչի՞ տեղ եք դնում ինձ, որ կարծում եք, թե պետք է պաշտպանեք