Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/442

Այս էջը հաստատված է

իմ դեմ ձեր քրոջ պատիվը։ Ես պատվի գո՞ղ եմ, ինչ է։ Հասկանո՞ւմ եք, ի՛նչ եք ասում...

— Հսւսկանում եմ, պարոն Բադամյան, ապահով եղեք և այդպես մի բղավեք իզուր. բնակարանը ձերն է, ճիշտ է, բայց հարևան կունենաք, կվախենա։ Աշխատենք կարելույն չափ հանգիստ կերպով հասկացնել իրար մեր միտքը։ Առհասարակ ընդունված է, որ երբ մեկն աչք է տնկում ուրիշի կնոջ կամ քրոջ վրա, նա պատվի,— ներեցեք, ձեր խոսքն եմ կրկնում,— նա պատվի գող է հանդիսանում։

— Լռեցե՛ք, ձեզ ասում եմ,— աղաղակեց Բադամյանը կատաղության հանկարծական բռնկումով։— Ես ձեզ թույլ չեմ տալ ինձ վիրավորելու։ Երևի դուք չգիտեք, որ շատ անգամ նա՛, ում պատվի գող են անվանում, կարող է իր բարոյական հատկություններով ավելի բարձր, ավելի մաքուր ու առաքինի լինել, քան թե նա՛, ով հավակնություն ունի իր կնոջ կամ քրոջ պատվի պաշտպանի անկոչ դերը ստանձնելու։ Դուք այս լա՛վ հասկացեք, պարոն։

— Այդ ես լավ եմ հասկանում, պարոն Բադամյան,— նկատեց Վահանն առաջվա պես հանգիստ։— Եվ իզուր եք կարծում, որ եթե այդպես չբղավեք, լավ չեմ հասկանալ։ Ես ոչ թե միայն լավ եմ հասկանում, այլև լիովին ընդունում եմ ձեր ասածը։ Օրինակ՝ դուք կարող եք ձեր բարոյական հատկություններով շատ ավելի բարձր, շատ ավելի մաքուր ու առաքինի լինել, քան թե ես, որ քրոջս եղբայրն եմ, կամ թե Սանթրոսյանը, որ քրոջս ամուսինն է և որը, ի դեպ ասած, այստեղ չէ և այս բանից ամենևին տեղեկություն չունի։ Բայց խնդիրն այդ չէ, իմ կարծիքով, այլ ա՛յն, որ ինչպես դուք ունիք ձեր հայեցակետը, այնպես և եղբայրներն ու ամուսինները, որոնք, երևի, անկոչ չեն համարում իրենց դերը, որ հարկ են տեսնում հանդես գալ իրենց քրոջ կամ կնոջ պատիվը պաշտպանելու բարոյական շատ բարձր հատկություններով օժտված մարդկանց դեմ։ Եվ ինչո՞վ կարող եք ապացուցել, թե ուղիղը ձեր հայեցակետն է և ոչ նրանցը։

— Նրանով, որ դուք այնքան անկիրթ եք ու անբարեխիղճ, որ կարծում եք, թե իրավունք ունիք ուրիշի բարոյականության մասին դատավոր կանգնելու, և այնքան բռնակալ, այնպիսի վայրենի գաղափարների ու զգացումների տեր,