որ կարծում եք, թե եղբայր կամ ամուսին լինելով իրավունք ունիք ճնշում գործ դնելու ձեր քրոջ կամ կնոջ խղճի վրա և թույլ չտալու, որ նա անի ա՛յն, ինչ որ իր սիրտը, ինչ որ բնական-անխարդախ զգացումն է նրան թելադրում։
— Շատ սիրրուն։ Հավանում եմ։ Բայց չէ՞ որ նույնը կարելի է ասել և ձեզ համար։ Ես ճանաչում եմ իմ քրոջը, նա ավանդապահ, աստծուց և իր խղճից վախեցող կին է— մի կին, որ հայ կնոջ լավագույն տիպարն է, իմ կարծիքով։ Հանգամանքների, ինձ անծանոթ և ինձ համար անհասկանալի հանգամանքների բերումով նա սիրում է ձեզ, սիրում է, բայց սարսափում է այդ սիրուց, որովհետև մեղք է համարում այդ, որովհետև ամուսնացած է, ուրիշի կինն է։ Բայց դուք, որ բոլորովին ուրիշ աշխարհայեցողության տեր մարդ եք,— ավանդապահ չեք, ազատամիտ եք,— ինչպես նկատում եմ, ամեն ճիգ գործ եք դնում փոխելու նրա աշխարհայացքը, խախտելու նրա հավատն ու հավատարմությունը իր ամուսնու վերաբերմամբ։ Եվ սա, ձեր կարծիքով, անկրթության, անբարեխղճության և բռնակալության նշան չէ՞։ Ձեր ասած բնական-անխարդախ զգացումը թելադրում է նրան հանցանք չգործել իր խղճի դեմ, հավատարիմ մնալ իր ամուսնուն, թե ինչպիսի ամուսնու,— այդ ձեր գործը չէ, այդ ոչ ոքի գործը չէ, այդ իր գործն է միայն։ Նա այդպես է կամենում, և ինչո՞ւ դուք, որ այդքան զայրանում եք ուրիշի խիղճը բռնացողների դեմ, ինքներդ բռնանում եք, որ այդպես չկամենա։
— Ոչ թե ինքն է այդպես կամենում, այլ դուք եք կամենում, որ այդպես կամենա,— նորից աղաղակեց Բաղամյանը, գրգռված ոչ այնքան Վահանի խոսքերից, որքան նրա հանգիստ-անձնավստահ տոնից։— Եվ դուք այս գործի վերաբերմամբ կարող եք խոսել ամեն բանի մասին, բայց ո՛չ երբեք բնական-անխարդախ զգացման մասին, որովհետև հենց ա՛յդ զգացումն է, որ խարդախված է նրա մեջ և այդ զգացման հետ միասին խարդախված է նրա ամբողջ աշխարհայացքը: Օ՜, ես շատ լավ ուսումնասիրել, տեսել եմ, թե ի՛նչ եք արել դուք։ Դուք կաշկանդել եք նրա միտքը հազար ու մի պառավական նախապաշարումների մեջ. ձեր ավանդական-շաբլոնական դաստիարակությամբ դուք այլանդակել եք նրա հոգեկան