Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/447

Այս էջը հաստատված է

իհարկե, բայց որի դեմ կռվում եք զուտ պրոմեթեոսյան կրակով։ Դուք տեսե՞լ եք ինչպես են վարժվում զինվորները թշնամուն սվինահարելու. չուլուփալասով լցված մի տոպրակ են կախում և հրացանի սվինով ծակում հա՛ ծակում.— ահա՛ ձեր դուքը, ձեր թշնամին, ձեր յոթնգլխյան դևը։ Չեմ հիշում Դոն Քիշոտի հողմաղացները, որպեսզի չվիրավորվեք, թեև Դոն Քիշոտը վերին աստիճանի անկեղծ և անպայման լավագույն ձգտումներով խելագարված ազնիվ մի ասպետ էր։ Ես ձեզ ասում եմ, որ քույրս թեև, ճիշտ է, սիրում է ձեզ, բայց սարսափում է այդ սիրուց, որովհետև նրա կյանքը կապված է մի ուրիշ անձի հետ, որին թշվառացնելն իր խղճի դեմ է համարում։ Իսկ դուք ինձ պատասխանում եք, թե մենք բռնակալներ ենք, բարբարոսներ ենք, ոճրագործներ ենք, թե մենք ճնշել, մեռցրել ենք նրա անհատական ազատությունը, նախապաշարել ենք նրա միտքը, հանել ենք նրա ուղեղն ու սիրտը և տեղը մերը դրել և այլն։ Ձեր այդ մեղադրանքները ցույց են տալիս, որ դուք չեք հասկացել և չեք կարողանում հասկանալ նրան, որին սիրում եք։ Խնդրում եմ իմ այս նկատողությանը լուրջ ուշադրություն դարձրեք, պարոն Բադամյան, որովհետև այստեղից է, որ ծագում են ձեր բոլոր թյուրիմարությունները։ Կարող եմ ձեզ հավատացնել, որ հայերիս մեջ շատ չեք գտնիլ այնպիսի աղջիկներ, որոնք մեծացած լինեն այնքան ազատ, որքան քույրս։ Ես տասնհինգ, քույրս չորս թե հինգ տարեկան էր, որ զրկվեցինք ծնողներից. քույրս մեծացավ մորաքրոջ ձեռքի տակ, որին դուք էլ ճանաչում էիք. նա լուրջ կին էր, բավական կրթված և թեև մի քիչ խստաբարո, բայց վերին աստիճանի անկեղծ, արդար և արդարադատ։ Գիտեք, որ նա անզավակ էր և քրոջս սիրում էր հարազատ մոր պես։ Իսկ որտեղ սեր կա, այնտեղ չի կարող ճնշում լինել։ Անշուշտ այն էլ գիտեք, որ քույրս ամուսնացավ իր ազատ կամքով, առանց որևէ կողմնակի ազդեցության. գոնե նրանից ես ոչ մի գանգատ չեմ լսել այդ մասին։ Իսկ նրա ամուսնուն դուք, իհարկե, ավելի լավ եք ճանաչում, քան թե ես, որովհետև նրան ազգական եք` որքան իմացել եմ։ Սանթրոսյանին ես տեսել եմ մի քանի անգամ միայն, և նա ինձ վրա վատ տպավորություն չի թողել, թեև լուրջ մարդկանց