Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/448

Այս էջը հաստատված է

ես առհասարակ չեմ սիրում։ Սիրում է նա իր կնոջը, թե չէ— այդ ես չգիտեմ, բայց որ անպայման ազատություն է տվել նրան— դրա ապացույցը կարող է լինել ա՛յն, որ նա տարվա մեծ մասը գրեթե դուրսն է անցկացնում և ոչ մի խնամակալ չի կարգել կնոջ վրա, բացի իր պառավ մորից, որն իր բարությամբ ու միամտությամբ կարող է մրցել նույնիսկ հրեշտակների հետ։ Եթե դուք, այս բոլորից հետո, քրոջս մեղադրելու լինիք այն բանում, թե նա, այնուամենայնիվ, դաստիարակվել է միակողմանի ուղղությամբ, այդ էլ սխալ կլինի, որովհետև նա սովորել է միևնույն դպրոցում, ինչ որ ձեր ազատամիտ օրիորդ Հեղինե Սոլիկյանը և նրանք մինչև օրս էլ, կարծեմ, շատ մտերիմ ընկերուհիներ են։ Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, որին դուք մեղադրեցիք, ի՞նչ բան է մեր հասարակությունը։ Մեր հասարակությունը— այդ ես եմ, այդ դուք եք, այդ Նասիբյանն է, այդ օրիորդ Սոլիկյանն է, իսկ մենք ամենքս, կարծեմ, ինչ ուզում եք` ենք, նույնիսկ նիհիլիստ և անարխիստ, բայց ոչ երբեք ավանդապահ, այնպես որ մեզ նմաններից կազմած մի հասարակություն եթե որևէ ազդեցություն ունենար քրոջս վրա, այդ ազդեցությունը պետք է որ ձեր ցանկացած ուղղությամբը լիներ, բայց ոչ երբեք հակառակը։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, պարոն Բադամյան, այստեղ դուք-եր չեն եղել և չկան, ինչպես երևակայում եք դուք։ Եթե մի դուք եղել է, այն էլ ազդեցություն ունենալու ամենազորեղ մի գրավականով, այդ դուք եք եղել միայն, բայց դուք էլ ոչինչ չեք կարողացել անել։ Ինչո՞ւ։ Որովհետև, կրկնում եմ, դուք չեք կարողացել ճանաչել նրան, որին սիրում եք, ուստի և կամ չեք նկատել, կամ ուշադրության չեք առել այն ահագին տարբերությունը, որ կա ձեր և քրոջս միջև։ Քույրս իր բնավորությամբ և աշխարհայացքով քրիստոնյա է, դուք` հեթանոս։ Նրա կուլտը հոգին է, ձերը` նյութը։ Նա պատրաստ է զոհելու իր անձը մերձավորի համար, դուք մերձավորից զոհ եք պահանջում ձեր անձի համար։ Եվ ահա այս երկու ծայրերի բախումից է առաջացել այն տրագեդիան, որի պատճառները դուք ուզում եք որոնել դուք-երի մեջ։ Գալով մասնավորապես ինձ, կարող եմ հավատացնել ձեզ, որ ես ոչ մի ազդեցություն չեմ ունեցել