Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/462

Այս էջը հաստատված է

նրան, և այժմ նրանք առաջ անցան կողք-կողքի: Երկար տեղ նրանք քայլում էին լուռ։ Բադամյանը վերցրել էր գլխարկը և թաշկինակով սրբում էր քրտնած ճակատն ու վիզը։

Երկինքը փայլատակում էր ավելի ու ավելի հաճախ և այն աստիճան խիստ, որ փողոցի սալահատակն ու տների մութ զանգվածները լուսավորվում էին ցերեկի պես: Որոտն էր մոտենում և սաստկանում էր հետզհետե. կարծես հսկայական մի գունդ հանկարծ պայթում և խոշոր ու մանր բեկորների վերածված` գոռգոռալով գլորվում էր թիթեղյա մի մեծ տանիքի վրա։

— Երբ որ ձեռքս բարձրացրի և ուզում էի ապտակ տալ ձեր եղբորը, բայց չարի,— խոսեց Բադամյանը շունչը ետ բերելուց հետո,— նա ասաց «բռա՜վո» և ավելացրեց, որ եթե ես այդպիսի մի վայրկյանին կարողացա զսպել ինձ, կնշանակի, որ ես տղամարդ եմ: Տղամարդ բառը շեշտեց, որովհետև ուզում էր հասկացնել, որ ես վախկոտ եմ: Իրավունք ուներ, որովհետև ես իսկապես վախկոտ եմ։ Վախկոտ եմ Վճռական վայրկյանին։ Մարդ նախ չպիտի դիմի վատ բանի, բայց որ դիմեց, պետք է մինչև վերջը գնա։ Թող անկումը կատարյալ լինի, այդ ավելի լավ կլինի։ Այդպես կիսաճանապարհին կանգ առնելով` բանը չի դրստվի, վատությունը կմնա վատություն, և այլևս ոչ մի բանով, ոչ մի զղջումով չես կարող վերականգնել քո նախկին բարի անունը։ Ամանը վայր ընկավ կոտրվեց, և հազար կոծկիր, այլևս չես կարող ամբողջացնել... Ես դեռ լավ չեմ ուշքի եկել. մտքերս ու զգացումներս խառնվում են իրար. չեմ իմանում ինչ եմ մտածում. ինչ եմ զգում։ Բայց մի բան այնպես պարզ է ինձ համար, ինչպես երբեք. ես հրեշ եմ, սարսափելի մի հրեշ, որի մեջ ամենաքնքուշ, ամենանվիրական զգացումը լծորդվում է ամենակեղտոտ, ամենաբիրտ, ամենազզվելի բնազդի հետ... Սոխակը վարդի մեջ աղբ է որոնում,— սրանից էլ ավելի աննորմալ բա՞ն... Ես հիվանդ եմ, բարոյական հիվանդ, խիստ վտանգավոր հիվանդ... Այս ես չգիտեի, այս գիծը ես նոր գտա իմ մեջ... Եվ այս բանը առաջին անգամ զգացի այնտեղ... դռան մոտ... նույն այն վայրկյանին, երբ հարցրիք ապշած` «Մի՞թե այդ դուք եք…»։ Դժբախտաբար,