Հյուրասենյակի դուռը նրա առաջ բաց արեց Վահանը՝ սիգարը բերանին։
Մանեն մտավ և գլխից թռցրեց անձրևից թրջված շալը։
Վահանը, շատ հանգիստ, դուռը փակեց և լավ նայեց քրոջը։ Քրտինքը խոշոր կաթիլներով գլորվում են Մանեի կարմրատակած այտերի վրայով. մազերը խճճվել և կպել էին քրտնած ճակատին. նա հազիվ էր շունչ քաշում։ Բաց պատուհանից սկսել էր սառը քամի փչել։ Վահանը մոտեցավ և ծածկեց փեղկերը։ Նրա բոլոր շարժումների մեջ նկատվում էր մի առանձին հանդարտ զգուշություն։
— Զգուշացիր, չմրսես,— ասաց նա։— Գնա շորերդ փոխիր։
Մանեն ատելությամբ լի աչքերը փայլեցրեց նրա վրա, ուզում էր հեռանալ դեպի իր սենյակը, բայց հանկարծ կանգ առավ և նայեց եղբորը։
— Թե՞ այս գիշեր գնում էիր գյուղ,— ասաց նա։
— Գնում էի, բայց էլ չգնացի։ Կայարանից ետ դարձա։
— Ինչո՞ւ։
— Բադամյանի հետ խոսելու։
Վահանը նստեց և, գլուխը բարձրացնելով, ծուխը բաց թողեց բերանից դեպի առաստաղը։
Մանեն նայում էր նրա անվրդով դեմքին և զգում էր, որ ձեռքերն ու շրթունքները նորից սկսում են դողալ անզոր զայրույթից։
— Հետո՞,— հարցրեց նա։
— Հետո... գնացի և խոսեցի։ Խոսելուց հետո գնացի հյուրանոց, ճամպրուկս թողի և եկա քեզ մոտ, որովհետև առավոտյան գնացքով անպատճառ պիտի գնամ, այնպես որ այլևս ժամանակ չէի ունենա քեզ տեսնելու, իսկ քեզ տեսնել անպատճառ ուզում էի։ Զանգակը մի-երկու անգամ քաշեցի, դուռը բաց չարին։ Տեսա, որ ոչ մի տեղ ճրագ չկա և մտածեցի, որ ամենքդ քնած եք արդեն։ Մտա բակի դռնից, ծառային զարթեցրի, և նա ներս բերեց ինձ։ Մտա ննջարանդ, որ զարթեցնեմ քեզ, չկայիր:՞ Գրեթե երկու ժամ է, որ սպասում եմ քեզ։ Այսպիսի պատիժ կյանքումս չեմ կրել: Քունս շան պես տանում էր, բայց զսպում էի ինձ։ Տերը բարի տա Եղիա մարգարեին. լուսամուտի առաջ կանգնած ականջ էի