և արդեն արել ես, կնշանակի՝ այլևս այն Մանեն չես, որ անցյալ օր առաջս չոքած աղերսում էր, որ փրկեմ իր պատիվը... Այդպե՜ս է, թե ոչ։
Մանեն սաստիկ գունատվեց և զգաց, որ լեզուն ցամաքում է բերանում։
— Ի՞նչ ես ուզում դրանով ասել,— շշնջաց նա։
— Հասկացիր, էլի՛, ինչ որ ուզում եմ ասել...
Մանեն եղունգները ցցեց ձեռքերի ափերի մեջ, ուսերը սաստիկ վեր քաշեց, ներքին շրթունքը ձախ կողմից առավ ատամների մեջ, ընկավ բազկաթոռի վրա և սկսեց հեծկլտալ ջղայնական ուժգին ցնցումներով։
— Անխի՛ղճ... անաստվա՛ծ, մի՞թե կարելի է այդպես վիրավորել,— արտասանեց նա հեծկլտանքի միջից։
Վահանը կարճ ժամանակ նայում էր նրան լուռ, հետո հանգիստ տարակուսանքով թոթվեց ուսերը, սիգարը բերանը դրեց, ձեռքերը կոխեց գրպանները և հեռացավ դեպի լուսամուտը։
— Ես մեղավոր չեմ,— ասաց նա ապակու միջից նայելով դեպի դուրս։— Ինքդ ես առիթ տալիս այդպիսի կասկածների։ Կեսգիշերին և ծածուկ գնալ...
— Լռի՛ր,— աղաղակեց Մանեն, վեր թռչելով տեղից։— Ինչպե՜ս դու համարձակվում ես... ինչպես ես համարձակվո՜ւմ... Եղբայրս ես, այո՛, դժբախտաբար. բայց մի որոշ սահման կա, որից դենն անցնելու իրավունք չունի՛ս... չե՛մ թույլ տա, թեկուզ եղբայրս չէ, աստվածս էլ լինես... Լսո՞ւմ ես...
Վահանը վախեցած նայեց դռներին, ոտների ծայրերի վրա արագորեն մոտեցավ քրոջը և շշնջաց.
— Անմի՜տ, ի՞նչ ես բղավում։ Ուզում ես ամբողջ տունը ոտի՞ կանգնեցնել։ Փառք աստծու, այնպես գնացել և եկել ես, որ ոչ ոք չի իմացել, հիմա...
— Ես ոչ-ոքից չեմ վախենում... հասկանո՞ւմ ես, ոչ-ոքից,— շարունակեց աղաղակել Մանեն կատաղած։— Եթե մի բան կա, որից ես վախենում եմ, այդ իմ խիղճն է միայն, իսկ խիղճս այս րոպեին այնպես հանգիստ է, ինչպես, աստված տա, քոնը հանգիստ լինի...