Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

— Մանե, ի սեր աստծու...

— Լռի՛ր, լռի՛ր... Ես իրավունք չեմ տալիս քեզ խոսելու... Ավելի լավ է, ինքս իմ բերանով կհայտնեմ բոլորին, ամբողջ աշխարհին, թե որտեղ էի, քան թե թույլ կտամ քեզ, որ ա՛յդ եղանակով խոսես ինձ հետ... Ես ոչ֊ոքից չեմ վախենում... լսո՞ւմ ես, չե՛մ վախենում, չե՛մ վախենում...

Տեսնելով որ իր հորդորներն ավելի են գրգռում քրոջը, Վահանը խոհեմություն համարեց լռել, հեռացավ նորից դեպի պատուհանը և բաց արավ մի փեղկը։ Դրսից ներս թափանցեց հեղեղի շրփշրփոցը և քամու ուժգին մի հոսանք անձրևի խոշոր կաթիլներ շպրտեց նրա երեսին ցնցուղի պես։ նա շտապեց փակել փեղկը, և շրփշրփոցը խլացավ։

— Ի՞նչ ես ուզում ինձնից։ Ինչո՞ւ ինձ այսպես տանջում, չարչարում ես, շարունակեց Մանեն։— Մի ամիս չկա, որ այստեղ ես, և բոլոր արյունս տակնուվրա ես անում գրեթե ամեն օր։ Ես կարոտ մնացի մի լուրջ, մի ջերմ, մի սրտացավ խոսքի։ Շարունակ ծաղր ու հեգնանք, երբ ես լուրջ խորհրդի էի կարոտ, շարունակ անտարբերություն ու չեզոքություն, երբ ես կարոտ էի եղբայրական ջերմ սիրո և հոգացողության. իսկ այժմ անտեղի և անտանելի միջամտություն, երբ ես ատում եմ քեզ և... զզվում քեզնից։ Այո՛, ատում և զզվում, որովհետև ապացուցեցիր, որ ուրիշ բանի արժանի չես։ Պարզ մարդ ես, ինչո՞ւ պարզը չես ասում. կայարանից վերադարձել ես ո՛չ թե նրա համար, որ եղբայրական պարտքդ կատարես և խիղճդ հանգստացնես, այլ նրա՛ համար, որ հարյուր, մի ողորմելի՜ հարյուր ֆրանկիդ պարտքը սաղացնես...

— Այդ խո նա ասաց,— նկատեց Վահանը, դիտելով, թե ինչպես անձրևի կաթիլները ջրային ցանցեր են կազմում պատուհանի ապակիների վրա և արագորեն թորում ներքև։

— Այդ ես էլ եմ ասում, որովհետև տեսա, թե ինչ մարդ ես դու։ Մինչև անգամ քիչ մնաց, որ նա... թքեր քո երեսին, և դու... ոչինչ... որովհետև հարյուր ֆրանկդ նաղդացրիր։ Ամո՛թ քեզ։

Վահանը հանգիստ դարձավ և ժպտալով նայեց քրոջ հուզմունքից վառվող աչքերին։

— Իսկ խուրդա-փարաների օդային ճանապարհորդությո՞ւնը,— հարցրեց նա։— Իսկ ապտա՞կը։ Չէ՞ որ նա ինձ