կնոջ տարաժամ բացակայությունը տնից և վերադարձը կեսգիշերին։ Իհարկե, հարցրած կլինի, թե որտեղ էր, և արդյոք ի՞նչ կլինի պատասխանած Մանեն... Այս և այդպիսի բազմաթիվ հարցեր մեկը մյուսի հետևից փոթորկի պես անցնում էին նրա գլխով, և նա չէր կարողանում կանգ առնել որևէ մեկի վրա, սառնորեն մտածել, դատել և հավանական պատասխանը գտնել։ Բայց միևնույն էր. ամեն մի պատասխան դարձյալ կասկածելի պիտի լիներ նրա համար և չպիտի կարողանար հանգստացնել նրան, մինչև որ չիմանար, թե երբ էր եկել Սանթրոսյանը.— գիշե՞րը, թե այս առավոտ։ Այս էր գլխավոր հարցը, որ սաստիկ մտատանջում էր Բադամյանին, և այն միտքը, թե Սանթրոսյանը կարող է եկած լինել գիշերը և իմացած լինել ամեն բան, սառն քրտինք էր դուրս կորզում նրա ճակատից։ Իր համար չէր, որ վախենում էր նա, այլ Մանեի համար, որովհետև գիտեր, թե ո՛ր աստիճան անկեղծ էր իր պաշտած այդ կինը և որքա՛ն անընդունակ սուտ խոսելու, իր ուր եղածը ծածկելու, իսկ ամուսնու նախանձն ինչե՜ր ասես չի կարող անել...
Հանկարծ մի անմիտ բուռն ցանկություն տիրեց Բադամյանին.— գնալ ուղղակի Սանթրոսյանի մոտ, խոստովանել նրան ամեն բան, ասել, որ Մանեն անմեղ է, առաքինի, հավատարիմ, մաքուր. ինչ որ պահանջելու է նրանից, թող պահանջի իրենից, ինչ որ անելու է նրան, թող անի իրեն. ինքն ամեն, ամեն բանի պատրաստ է, նույնիսկ իր կյանքն իր ձեռքով զոհաբերելու, միայն թե չվշտացնի նրան, չվիրավորի նրան, ձեռք չտա նրան... Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեռք կտա, կհամարձակվի ձեռք տալ... օ՜, այն ժամանակ... Բադամյանի ջղերը սաստիկ լարվեցին, և նա վեր կացավ ակամա։ «Կսպանեմ... աստված է վկա, կսպանեմ»,— մտածեց նա և այդ րոպեին լիովին զգում էր, որ ուրիշ կերպ վարվել չէր կարող այն մարդու հետ, որը պատահական տերն էր իր պաշտած կնոջ,— ա՛յն կնոջ, որի մի կաթիլ արցունքը չէր փոխիլ ամբողջ աշխարհի հետ...
Բայց ամենից առաջ պետք էր իմանալ, թե երբ էր եկել Սանթրոսյանը։ Ինչպե՞ս իմանար, ումի՞ց իմանար։ Նրա միտն ընկավ Հեղինեն, որը թերևս այդ օրը տեսած լիներ ընկերուհուն, հետևաբար կիմանար, թե երբ է եկել նրա ամուսինը։