Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/480

Այս էջը հաստատված է

Բադամյանն է՛լ երկար չմտածեց այդ մասին և անմիջապես դիմեց դեպի Հեղինեի տուն։

15

Հեղինն տանը չէր։ Ծառան Բադամյանին հրավիրեց սեղանատուն։ Այստեղ Բադամյանը, բացի Հեղինեի խուլուհամր քրոջից՝ Սալոմեից, տեսավ և Նասիբյանին։ Սալոմեն նստած էր հեշտաեռի առաջ և գուլպա էր գործում մատների զարմանալի արագ շարժումներով։ Մայր մտնող արևի կարմրավուն ճաճանչները բոցավառվում էին բաց լուսամուտի ապակիների մեջ և այդտեղից անդրադառնում ոսկու պես պլպլացող փոքրիկ մաքուր հեշտաեռի ուռուցիկ փորի մեջ։ Սեղանի հակառակ ծայրին դրված էին մի հոգու ճաշի դեռևս ձեռք չտված պարագաներ։ Նասիբյանն արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակի երկարությամբ, անդադար կրծելով փոքրիկ բեղը շրթունքի մերթ ձախ, մերթ աջ կողմը։ Զսպած հուզումից նրա խորշոմած պստիկ դեմքի վրա մկանունքները ցնցվում էին ջղաձգաբար, և խոշոր աչքերը փայլում ինչ-որ չարագուշակ կրակով։ Ամեն բանից երևում էր, որ անհամբեր սպասողական դրության մեջ էր։ Սալոմեն շուտ-շուտ վախեցած հայացքներ էր ձգում նրա վրա և սաստիկ անհանգիստ էր երևում։ Բադամյանի գալուստը խիստ ուրախացրեց նրան։ Նա վեր թռավ տեղից և Բադամյանին տարավ նստեցրեք իր մոտ:

— Օրիորդը ո՞րտեղ է, շո՞ւտ կգա,— հարցրեք Բադամյանը բարձրաձայն, մոռանալով, որ ինչքան էլ բարձր խոսի — միևնույն է, Սալոմեն չի լսիլ:

Սալոմեն նրա առաջը քաշեք մի կտոր թուղթ ու մատիտ, որ մշտապատրաստ պահում էր իր մոտ:

Բադամյանը գրեց իր հարցմունքը։

Սալոմեն կարդաց, թուղթը շուռ տվեց և մատով ցույց տվեց իր պատասխանը, որ գրել էր արդեն Նասիբյանի գրած նույն հարցմունքի տակ. «Չգիտեմ։ Այսօր շատ ուշացավ»:

Երբ Բադամյանը կարդաց այդ պատասխանը, Սալոմեն մտահոգ հայացքով ծածուկ նրա ուշադրությունը հրավիրեց Նասիբյանի վրա և գրեց հետևյալը. «Լավ է, որ եկա՜ք։ Ես