— Պարոն, ես քեզ խորհուրդ եմ տալիս խելոք կաց,— ասաց նա սպառնալից հանգստությամբ։— Այսքան ժամանակ համբերեցի, բայց էլ մտադիր չեմ համբերելու. մեկ էլ տեսար ծառային կանչեցի և վզակոթիդ տալով փողոց շպրտել տվի։
Նասիբյանը փրփրաց։
— Ի՞նչ... ի՞նչ... դեռ խոսում է՞լ ես... դեռ սպառնում է՞լ ես,— ֆշշացրեց նա ատամները սեղմած, ձեռքերը բռունցք կազմած և հետզհետե մոտենալով Հեղինեին սպառնագին։
Հեղինեն վեր թռավ տեղից և վերցրեց թեյի դատարկ բաժակներից մեկը։
— Չմոտենաս, թե չէ` տեսնո՞ւմ ես այս բաժակը... ճակատիդ վրա կփշրեմ։
Բադամյանին այստեղ ևս վիճակված էր նույն դերը կատարել, ինչ որ թատրոնի պարտեզում Վահանի և Նասիբյանի միջև պատահած ընդհարման ժամանակ։ Նա վեր կացավ, գրկեց նասիբյանի պստիկ մարմինը և հեռացրեց։
Բայց Նասիբյանն այդ բանից ավելի փրփրեց։
— Թո՜ղ, մի՛ բռնիր,— աղաղակեց նա, անզուսպ կատաղությամբ խփելով Բադամյանի կրծքին։
Բադամյանը թողեց նրան, բայց ձեռքերով կապեց նրա ճանապարհը։
Այն ժամանակ Բադամյանի ուսի վրայից դառնալով դեպի Հեղինեն, Նասիբյանը շարունակեց աղաղակել.
— Դու սո՛ւտ ես ասում, քեզ ո՛չ մի նոր ծննդկանի մոտ չեն տարել, այլ դու եղել ես այն պարոնի մոտ և նրա մոտ էլ ճաշել... Կարծում ես, ես այդ չգիտե՞մ... Ես ամեն բան գիտեմ, և ինձ չես կարող խաբել... Լսո՞ւմ ես, չես կարող...
— Խե՜ղճ իմ գլուխ։ Հապա ի՞նչ անեմ, որ չխաբեմ, ոտներս դողում են քեզնից,— ասաց Հեղինեն ծիծաղելով։
— Ծաղրում էլ ես, հա՞... Ծիծաղում էլ ես, հա՞... Ես քեզ... կմորթեմ,— ճչաց Նասիբյանը։
— Թե աստվա՜ծդ կսիրես,— ասաց Հեղինեն ավելի բարձրաձայն ծիծաղելով։— Ա՛յ քոսոտ, հավ որ մորթես, այն էլ մեծ քաջություն կլինի քո կողմից... Բադամյան, ի՞նչ