իրար։ Հիվանդի վիճակը լուրջ մտառությամբ քննելուց հետո բժիշկը փսփսաց Հեղինեի ականջին։
— Դուք գիտե՞ք, որ դրությունը շատ վտանգավոր է։
— Դա պարզ է,— նկատեց Հեղինեն։
— Այս գիշեր անպատճառ կրիզիս կլինի։ Վատն այն է, որ մարդ չկա մոտը։ Ծառայի խնամքին թողնել անկարելի է։ Դեղերը գրեթե ամենևին չեն գործածվում։ Ես շատ սխալվեցի, որ հենց սկզբից չփոխադրեցի հիվանդանոց։ Այժմ մնում է, որ մի ֆելդշեր կամ գթության մի քույր կանչենք։
— Ի՞նչ եք կարծում, եթե մեր տուն փոխադրենք...
— Ի՜նչ եք ասում... այս դրության մե՞ջ.. Անկարելի է։
— Իսկ եթե ես մնամ։
— Դո՞ւք... Դրանով, իհարկե, մեծ բարություն արած կլինիք։
— Շատ բարի, կմնամ։ Այսօր մի առանձին գործ էլ չունիմ։
Եվ Հեղինեն մնաց։
Բժիշկը նոր էր հեռացել, որ հիվանդի սենյակը մտավ Զաքարը։ Հայտնի չէր որտեղից էր իմացել նա իր եղբորորդու հիվանդությունը և թեպետ չէր սիրում նրան և երկար ժամանակ չէր եղել նրա մոտ, բայց և այնպես արենակցական զգացումը ստիպել էր ծերունուն այցելելու հիվանդին։ Ծերունին անձամբ ծանոթ էր Հեղինեին, լավ կարծիք չուներ նրա բարոյականի մասին, մանավանդ Նասիբյանի մոր պատմությունը լսելուց հետո, և այժմ կասկածանքով վերաբերվեց այն բանին, որ նրան տեսավ հիվանդի մոտ։ Զաքարը նստեց հիվանդի մոտ, փորձեց խոսեցնել նրան, բայց Բադամյանը չճանաչեց ծերունուն։ Հեղինեն խնդրեց Զաքարին, որ հիվանդին չանհանգստացնի, և դուրս տարավ նրան կից սենյակը։ Եղբորորդու դրությունը, ըստ երևույթին, ծանր տպավորություն էր թողել Զաքարի վրա, բայց նա չէր կորցրել ծերունիներին հատուկ սառնասրտությունը։ Կից սենյակում նա ծանր ու բարակ նստեց աթոռի վրա և հարցրեց.
— Էս ո՞նց եղավ, որ մեռնում է։
Հեղինեն նայեց նրա թավ հոնքերին, և նրան ապշեցրեց այն անսասան խաղաղությունը, որ արտահայտում էին նրա