Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/493

Այս էջը հաստատված է

որի առաջ պատասխանատու պիտի լիներ այդ հոգին իր երկրավոր մեղսալից կյանքի համար...

— Բաս հոգի չկա, է՞լի,— հարցրեց նա։— Ու երբ որ հոգի չկա, բաս աստծու ահեղ դատաստան էլ չկա, է՞լի...

— Չկա, բաս կա՞։

— Բաս ավետարանը սուտ է ասում, է՞լի։

— Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք,— գրգռված արտասանեց Հեղինեն և, որպեսզի ծերունին երկար չխոսի, դուրս գնաց հիվանդի սենյակը։ Այնուհետև, երբ նորից դուրս եկավ այնտեղից, ծերունին արդեն պատրաստվում էր գնալու։

— Ես ուրիշ բան չեմ ասիլ, որդի,— ասաց Զաքարը։— Մենակ կասեմ՝ վա՛յ քու հոգուն... վա՛յ, վա՛յ, հազար վայ... Դու, որ աղջիկ ես, այդպես ես խոսում, բաս տղերքն ինչպես կլինեն խոսելիս... Ես զարմանում եմ, որ աշխարհը դեռ դիմանում է, չի կործանվում, ինչպես որ կործանվեց Սոդոմ-Գոմորը...

— Ուրեմն, երևի շատ էլ մեղավոր չենք, որ չի կործանվում,— կծու կերպով նկատեց Հեղինեն։

— Հը՜մ, սպասիր հալա, աստծու համբերությունն էլ վերջ ունի:

17

Զաքարը հիվանդի բնակարանից դիմեց դեպի Սանթրոսյանների տուն։ Նա վերին աստիճանի վրդովված էր Հեղինեի վարմունքից և ուզում էր իր սրտի մեջ ամբարված մաղձը թափել այնտեղ, ուր իրեն հասկանում և համակրանքով էին վերաբերվում։

Արևը նոր էր մտել և սենյակում դեռևս բավական լույս էր։ Մանեն և սկեսուրը նստած էին ճաշասենյակում։ Մանեն հավաքում էր թեյի պարագաները։ Թեյը խմելուց հետո Սանթրոսյանը և Վահանը առանձնացել էին հյուրասենյակը, որ գտնվում էր ճաշասենյակին կից և որի դուռը բաց էր։ Նրանք գործնական խոսակցության մեջ էին, և նրանց ձայները պարզորոշ լսվում էին ճաշասենյակում։

Սանթրոսյանը հանքային գործին կպած էր ֆանատիկոսի եռանդով։ Նա կազմել էր հսկայական ծրագիրներ ապագայի