Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/495

Այս էջը հաստատված է

իմանում, որ նա եկել է, թե չէ, որ իմանար... Ծերունին սկսեց հավատացնել, թե ո՛ր աստիճան սիրում ու հարգում է Սանթրոսյանին, թե որքան երախտապարտ է նրան...

— Լավ, այդ թողնենք,— շտապեց ընդհատել նրան Սանթրոսյանը։— Դուք ինձ այս ասացեք՝ ինչպես եք, ինչպես չեք։ Էլի՞ խռով եք ձեր եղբոր որդու հետ։

Ծերունին նոր հիշեց, թե որտեղից էր եկել, և նրա ակներև ուրախությունը հանկարծ փոխվեց տխրության։ Նա գլուխը խոնարհեց կրծքին և խորը հառաչեց.

— Եղբորս որդին մեռնում է,— ասաց նա։

— Քա՛, ի՞նչ ես ասում, Աշո՞տը,— գրեթե ճչաց Օսանը շանթահար։

Նույն վայրկյանին ճաշասենյակից լսվեց ինչ-որ մի չրխկոց, որից հետո հյուրասենյակում տիրեց խորհրդավոր լռություն։

— Բան կոտրվե՞ց,— հարցրեց Զաքարը, գլուխը կամաց բարձրացնելով։

Վահանը վեր կացավ, արագ քայլերով անցավ, նայեց դռան շեմքից դեպի ճաշասենյակ և տեսավ Մանեին, որ նստած էր սեղանի մոտ քարացած և մեռելի պես գունատ։ Նրանց հայացքները հանդիպեցին իրար։ Մանեն ձեռքերով պինդ բռնել էր սեղանի ծայրից, նայում էր նրան անմիտ, չռած աչքերով և կարծես թե հարցնում էր. «Այս ի՞նչ է, տունը շարժվո՞ւմ է...»:

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Սանթրոսյանը, իր հանգիստ ձայնով։

Վահանը ետ դարձավ

— Ոչինչ։ Մանեն էր։ Բաժակն ընկավ ձեռքից կոտրվեց:

Զաքարը ծանրորեն երերեց գլուխը։

— Վատ նշան է... շատ վատ նշան է,— արտասանեց նա։

— Սպասիր, պարոն Զաքար, ինչպե՞ս թե մեռնում է,— հարցրեց Վահանը, խիստ հետաքրքրված ծերունու հաղորդած անակնկալ նորությունից։

— Դե, մեռնելն ինչպես կլինի, որդի. մեռնում է, է՛լի։ Այս րոպեիս նրա մոտիցն եմ գալիս։ Ոչ ուշք կա գլխին, ոչ բան։ Հանգել գնացել է։ Հետը խոսեցի, չճանաչեց։