Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/497

Այս էջը հաստատված է

Մանեն նստած էր արձանացած, մեծ֊մեծ աչքերով նայում էր եղբորը, և նրա անմիտ հայացքից երևում էր, որ չէր հասկանում, թե ինչ է ասում Վահանը։

Վահանը իր ձեռքով մի բաժակ թեյ լցրեց, դուրս տարավ և դրեց Զաքարի առաջ։

— Այն թուրքի դատաստանը որ քեզ տան, պարոն Զաքար, ի՞նչ կանես,— հարցրեց նա, նստելով ծերունու մոտը։

— Ես ի՞նչ դատաստան անող եմ, որդի, աստծուն հայհոյողի դատաստանն աստված պետք է անի։ Եվ կանի, կտեսնես, որ կանի։

Օսանը վեր կացավ և դուրս գնաց հարսի մոտ։

— Քա, իմացա՞ր ինչ ասեց Զաքարը:

Մանեն գլխով դրական պատասխան տվեց, կարծես զրկված է խոսելու ընդունակությունից։

Օսանն այն աստիճան ազդված էր ծերունու հաղորդած անսպասելի նորությունից, որ չնկատեց հարսի տարօրինակ դրությունը։ Նա շարունակ ախ ու վաշ էր քաշում, և նրա ջրակալած աչքերն արտասուքի առատ կաթիլներ էին թափում ներքև։

Մանեն նստած էր հանգիստ, անմիտ հայացքով նայում էր սկեսրոջ այտերի վրայով գլորվող արտասուքի կաթիլներին, լսում էր նրա երկար ու բարակ վշտահար խոսքերը և ամենևին ձայն չէր հանում։ Նրան թվում էր, թե վերացել է աշխարհից, կորցրել է մտածելու և զգալու ընդունակությունը և ամեն բան, ինչ որ տեսնում է ու լսում, կատարվում է մի ծանր մղձավանջի մեջ։

Զաքարը չկարողացավ երկար մնալ Սանթրոսյանի մոտ. մինչև անգամ ձեռք չտվեց թեյի բաժակին և վեր կացավ։

— Գնում եմ տերտեր տանեմ, չեմ թողնիլ, որ ջահել հոգին կորչի։ Եվ դուրս կանեմ այն թուրքին, դուրս կանեմ: Ի՞նչ բան ունի, որ ներս է խցկվել։