Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

Ծերունին ամբողջապես դողում էր հուզումից, և դուրս գնալիս տարօրինակ կերպով առաջ էր ընկել նրա սպիտակ գլուխը։

Ճաշասենյակում նրան բռնեց Օսանը։

— Ո՞ւր ես գնում։

— Գնում եմ տերտեր տանեմ, այն թուրքին էլ դուրս անեմ։

— Սպասիր, ես էլ եմ գալիս։

Օսանը շտապով դուրս գնաց հագնվելու, իսկ ծերունին նստեց սեղանի մոտ, Մանեի դիմաց, և սպասում էր նրան։

— Նա ջահել էր, մեղքեր շատ էր գործել, շա՜տ։ Ո՞վ ջահել ժամանակը մեղքեր չի գործում։ Բայց որ հայ-քրիստոնյան մեռնելիս չհաղորդվի, էլ ի՞նչ երեսով պետք է գնա կանգնի աստծու դատաստանի առաջ։ Մեր աշխարհային դատաստանը չէ, է՜, որ խաբես, աստծու դատաստանն է, վերջին դատաստանը, ահե՜ղ դատաստանը...

Մանեն նայում էր ծերունուն, լսում էր նրան և անհուն ցանկություն էր զգում գլուխը դնելու սեղանի վրա և լալու, լալու, հավիտյան լալու։

Օսանը վերադարձավ քիշմիրի սև շալը ծածկելով ուսերին։ Շտապելուց նրա ձեռքերը դողում էին, իսկ գլուխը սովորականից ավելի խիստ կերպով էր շարժվում:

— Մանե ջան,— ասաց նա,— բան է, որ տեսնեմ շատ վատ է կմնամ, չեմ գալ այս գիշեր։

Մանեն քիչ էր մնում վեր թռչեր տեղից և աղաղակեր՝ «Ես էլ եմ գալիս...», բայց նա տեղնուտեղը քարացավ, որովհետև այդ միջոցին հյուրասենյակից դուրս եկավ ամուսինը Վահանի հետ։

— Մայրիկ, դու էլ ես գնո՞ւմ,— հարցրեց Սանթրոսյանը։

-Բաս ի՞նչ անեմ, որդի։ Ես էլ որ չգնամ, ո՞վ պետք