է մտիկ տա այն անտեր-անտիրական որբին։ Չորանան նրա մոր ոսկորները, ոնց որ չորացել են...
— Օրիորդ Սոլիկյանը նրա մոտ է, ասում է։
— Ի՛հ, հողեմ նրա լպստած գլուխը։ Զաքարը խո սուտ չի ասում։ Լավ աղջիկը ի՞նչ գործ ունի ջահել տղի մոտ։ Նա ո՜վ, նա ո՜վ...
— Խե՜ղճ մայրիկ,— ասաց Սանթրոսյանը, երբ մայրն ու Զաքարը դուրս գնացին,— մի հեռավոր ազգականի համար որ այդքան վշտանում է, հապա ի՜նչ պիտի անի, որ ե՛ս լինիմ մեռնելիս։ Այն ո՞ր բանաստեղծն է, Մանե, որ ասում է. «Ես մի՛ արցունք միայն տեսա իսկական,— այն մոր արցունքն էր անզուգական»... Բայց ի՞նչ է պատահել քեզ. երեսիդ գույն չկա։ Հիվա՞նդ ես։
Մանեն ցնցվեց և ձեռքով շփեց ճակատը։
— Չգիտեմ... Բաժակը... Կարծեմ վախեցա,— արտասանեց նա կամաց։
— Զարմանալի արարածներ են այս կանայք,— բացականչեց Վահանն ուրախացած, որ Մանեն կարողացավ պատրվակ գտնել իր դրության իսկական պատճառը ծածկելու ամուսնուց։ Բաժակ կոտրվի՝ կվախենան, մուկ վազի՝ կվախենան։ Բան չկա, սիրելիս, վեր կաց մի քիչ ջուր խմիր, կանցնի։ Վեր կաց։
Մանեն տեղից անգամ չշարժվեց։
— Դե վեր կաց, մի համառիր,— խնդրեց Սանթրոսյանը։ Մանեն կամաց վեր կացավ և անհաստատուն քայլերով դուրս գնաց։
Վահանը այժմ մտածում էր, թե ինչպես անի, որ Սանթրոսյանին հեռացնի տնից։ Սակայն Սանթրոսյանն ինքը հայտնեց, որ այդ երեկո ժամը 8-ին ժամադիր է եղել մի դրամատերի հետ և գնալու է նրա մոտ։
— Այժմ արդեն ութին մոտ է,— ասաց նա նայելով ժամացույցին։—