Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Այս էջը հաստատված է

Բայց ի՞նչ ասենք այն զգացմունքի մասին, որ հետզհետե արմատ էր բռնում նրա և պարոն Հարունյանի սրտերի մեջ. ի՞նչ ասենք այն կապի մասին, որով իշխանուհին իրեն կապված էր տեսնում պարոն Հարունյանի հետ, և սա նրա հետ... Եվ այդ զգացմունքն, այդ կապն, իհարկե, ինչպես ընթերցողն հասկացել է— սեր էր, սերը— այդ անվերջ երգը, այդ անիմանալի, անկախ ուժը երկու սրտի մթության, նրանց բազմախորհուրդ կապակցության... Այդ սերն յուր հիմքը գցել էր նրանց սրտի մեջ հենց այն վայրկյանից, երբ առաջին անգամ նրանք տեսան միմյանց։ Իշխանուհուն դուր եկավ Հարունյանի հաղթանդամ, քաջազնական տեսքն, իսկ վերջինիս առավելապես գրավեցին նրա գեղաժպիտ, կրակոտ աչքերը, որոնց բոլոր ուժը հենց առաջին հայացքից նա փորձեց յուր վրա...

Հարունյանը, իհարկե, այդ շատ պարզ զգում էր, բայց և նա այնքան թուլամորթ, անհեռատես և կրքից շուտ բորբոքվող չէր, որ առանց մտածելու անձնատուր լիներ այդ զգացմունքին, որի բոլոր սոսկալի հետևանքներն իսկույն ևեթ պատկերանում էին նրա առաջ։ Այո՛, նա շատ լավ հասկանում էր, որ այդ սերն ապօրինի էր, հետևաբար աններելի և շատ չարիքներ առաջացնող։ Նա շատ լավ հասկանում էր, որ դրա պատճառած ամեն մի քաղցրությունը նոր և հետզհետե ավելի սոսկալի դառնության կեղև պիտի լիներ յուր համար։ Չէ՞ որ ինքն ամուսին էր. ուներ կին, ուներ զավակ, որոնց միայն ևեթ նա պարտական էր և պետք է սիրեր, բացի դրանից ուրիշ ո՛չ ոքի, թեկուզ դա լիներ հրեշտակ՝ երկնքից իջած։ Առավել ևս, որ այդ պարտականությունն ինքն յուր կամքով էր վերցրել յուր վրա, ուրեմն ի՛նչ ուզում է լիներ, բայց նա յուր այդ հոժարակամ պարտականությանը պետք է իրագործում տար։— Եվ այդ պատճառով նա ամեն կերպ աշխատում էր խզել յուր մեջ ապօրինի սիրո կապը, սառեցնել յուր մեջ այն հետզհետե բորբոքվող զգացմունքը, որ նա տածում էր դեպի իշխանուհի-գեղեցկուհին։ Բայց թե ո՛րքան այդ նրան հաջողվում էր— նա ինքն էլ պարզ չգիտեր, որովհետև լինում էր ժամանակ— և շատ հաճախ— երբ նա զգում էր, որ իշխանուհու ամեն մի ժպտող, թափանցող հայացքի տակ յուր ուժերը թուլանում