այդ բանի վրա, արագորեն բարձրացավ սանդուղքով, որի ժամանակ ոտներն ամեն քայլափոխին խճճվում էին շրջազգեստի փեշերի մեջ, և մտավ առաջին սենյակը։ Այստեղ, գրասեղանի վրա, կանաչ լուսամփոփի տակ վառվում էր լամպը, և մի մոմ բրոնզյա մոմկալի մեջ։ Պատուհանի տախտակի վրա դրված էր կանացի մի փեղույր։ Սենյակում ոչ-ոք չկար։ Հարևան սենյակի դուռը կիսաբաց էր։ Այնտեղից ոչ մի շշուկ չէր լսվում։
Մանեն կամացուկ բաց արավ այդ դուռը, ներս մտավ և կանգ առավ ակամա զարհուրած սենյակում լսվող մի տարօրինակ շնչառությունից և մանավանդ կիսախավարից, որպիսին լինում է սովորաբար մեռնողի սենյակում գիշեր ժամանակ։
Սենյակի մի անկյունում դրված էր հիվանդի մահճակալը։ Գլխավերևը, մահճակալի հետևը, կլոր սեղանի վրա վառվում էր մի ցածլիկ մոմկալ սև մարմարի պատվանդանով։ Ճրագը լուսավորում էր միայն մահճակալի հետևը և մեռած փայլ էր տալիս պատի պաստառի ոսկեզօծ նկարներին։ Մահճակալի կողքին, բարձի մոտ, դրված էր եռոտանի կլորիկ սեղան, որի վրա դարսված էին դեղերի սրվակները և ճկճկում էր Բադամյանի ծոցի ժամացույցը։
Զգալով, որ արյունը սառում է երակների մեջ, Մանեն ոտների մատների վրա մոտեցավ հիվանդին և խոնարհվեց նրա դեմքի վրա։ Բայց այդ դեմքը պարզ նշմարել չկարողացավ սենյակում տիրող կիսախավարի մեջ։ Այն ժամանակ առավ մոմկալը և, գլխից բարձր բռնած, սկսեց դիտել Բադամյանի դեմքը:
Հիվանդի աչքերը փակ էին. երեսն էլ կարմիր էր կտրվել. շնչում էր ծանր ու հատու, և երբեմն չոր հազի շատ թույլ ձայներ էին դուրս թռչում նրա բաց բերանից։ Երկայն փափուկ մազերն անկարգ խոպոպիկներով շաղ էին անցել բարձի