Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/507

Այս էջը հաստատված է

— Մանե՛, գժվե՞լ ես... Հասկանո՞ւմ ես ինչ ես ասում...

Մանեն նստեց։ Զարմանալի անդորրություն էր տիրում նրա բոլոր շարժումների և հայացքի մեջ։

— Այժմ ինձ համար ողջ մեկ է,— ասաց նա, շարունակ տարված իր ներքին մտքերով։— Հիմարություն է... Բոլորը հիմարություն է...

Հեղինեին թվաց, թե երազի մեջ է լսում այդ խոսքերը Մանեի բերանից։ Ինքը, որ թեորիայով այնքան համարձակ մտքեր էր հայտնում ամուսնական կապի և ազատ սիրո մասին և այնքան ծաղրում էր Մանեի հայացքները, այժմ մնացել էր ապշած և շփոթված նույն այդ Մանեի առաջ, որովհետև այստեղ թեորիա չկար, այլ կանգնած էր ինքը մերկ իրականությունը, սոսկալի իր պարզությամբ, անհոգությամբ և արհամարհանքով։

— Մանե, լսիր ինչ եմ ասում,— ասաց նա առնելով ընկերուհու ձեռքերը։— Աղաչում եմ, վեր կաց գնա։ Աստված է վկա, դու քեզ կկործանես։ Գնա։ Դեռևս վաղ է։ Եթե հարցնեն, ասա ինձ մոտ էիր, մեր տանը։ Չէ՛, չէ՛. ձերոնք գիտեն, որ այստեղ եմ։ Ասա որ... մի խոսքով— հնարիր՝ ինչ ուզում ես, միայն մի ասիր, որ այստեղ էիր... Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, Մանե ջան։ Իսկույն ծառային կասեմ, որ կառք կանչի։

Եվ, առանց սպասելու Մանեի պատասխանին, նա շտապով դուրս գնաց, բայց իսկույն էլ վերադարձավ։

— Զարմանալի է, մի՞թե ծառան դեռևս չի վերադարձել. ես նրան մեր տուն ղրկեցի, որ...

— Ավելորդ է,— ընդհատեց նրան Մանեն նույն հանգիստ ձայնով.— այս գիշեր ես պետք է մնամ այստեղ։

— Ինչո՞ւ համար։

— Հենց այնպես։

— Ինչպե՞ս թե՝ այնպես։

— Որովհետև ես այսպես եմ ուզում։

— Մանե, մի՛ համառիր։ Աղաչում եմ, մի՛ համառիր: