Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/508

Այս էջը հաստատված է

Դա քաջություն չէ, դա խելացնորություն է։ Ճիշտ է, Բադամյանի դրությունը լավ չէ, բայց, հավատացնում եմ քեզ, ոչինչ չի պատահիլ: Բժիշկն այս երեկո այստեղ էր, ասաց, որ նրա առողջ կազմվածքը կհաղթե։ Վերջապես, ես էլ մի բան հասկանո՞ւմ եմ, թե ոչ։ Թոքերի պարզ բորբոքում է, որ առաջացել է մրսելուց և անզգույշ մնալուց, ուրիշ բան չկա։ Չես հավատո՞ւմ ինձ։

— Երեխա՞ եմ, ինչ է, որ ուզում ես խաբել։ Ես տեսա նրա աչքերը. նա արդեն մեռած է... Ես կանչեմ նրան, և նա չլսի՞ ինձ... նա նայի ինձ և չճանաչի՞...

Մանեի ձայնը դողաց։ Նա շրթունքները պինդ սեղմեց իրար և կուլ տվեց հեծկլտանքը։ Աչքերն առատորեն լցվեցին արցունքով։

— Այսքան ժամանակ ես չարչարեցի, տանջեցի նրան... չարարեցի, տանջեցի և ինձ,— շարունակեց նա դողդոջուն ձայնով։— Ինչո՞ւ համար, մեկ հարցնող լինի, ինչո՞ւ համար։ Որ նրան և նրա հետ ինձ ա՞յս օրին հասցնեմ... Ես կարծում էի, թե միայն ինձ եմ զոհաբերում, մինչդեռ... Պարտականություն՝ ասում էի ինձ, սրբազան ուխտ՝ ասում էի ինձ։ Բայց, ահա՛, թող գան և ազատեն ինձ այս հուսահատությունից այդ պարտականությունն ու սրբազան ուխտը։ Ո՞ւր են, թող գան։ Թող գան և համոզեն ինձ այժմ, որ նրա մահը ոչինչ է ինձ համար, որ վաղը, մյուս օրը նրան գերեզման կդնեմ, իսկ ես, այնուամենայնիվ, կարող եմ հանգիստ շարունակել իմ կյանքը... Օ՜, եթե գիտենայի, թե այսքա՜ն սիրում եմ նրան...

Մանեն թաշկինակը սեղմեց աչքերին և այլևս չկարողացավ զսպել ծանր, խեղդող հեկեկանքը։

Հեղինեն փորձեց նրան հանգստացնել, բայց իզուր. Մանեի հեկեկանքը գնալով սաստկանում էր։ Հեղինեն, վերջիվերջո, դուրս եկավ համբերությունից:

— Այդպես չի կարելի, վերջապես,— բացականչեց նա