Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/509

Այս էջը հաստատված է

բարկացած:— Հազիվհազ կարողացա հեռացնել սկեսուրիդ և այն ծերունուն, որ չխանգարեն, հիմա դու ես եկել և ստիպում ես, որ հիվանդին թողած, քեզնով զբաղվեմ։ Գլուխս քարովը տվի, որ մնացի։ Չե՞ք թողնիլ, որ տեսնեմ ինչ եմ անում։ Ամբողջ վեց ժամ է, որ այստեղ եմ, և մի րոպե հանգստություն չեմ ունեցել, հիմա էլ մոտակա դեղատնից հեռախոսով խոսեցի բժշկի հետ, խնդրեցի, որ իսկույն գա և մի երկու էլ ուրիշ բժիշկ հրավիրի կոնսիլիում անելու համար։ Վազելով գնացել և վազելով էլ եկել եմ, որովհետև ամեն մի րոպեն թանկ է։ Մարդն այնտեղ կռվում է մահվան հետ, և իմ ներկայությունն անհրաժեշտ է այնտեղ, իսկ դու ստիպում ես, որ քեզ հետ չանա թակեմ։ Սա ինչի՞ նման է, ասա խնդրեմ։ Եվ դեռ ասում ես, թե սիրում ես նրան...

Այս խոսքերն ազդեցին Մանեին. նա դադարեց հեկեկալուց և նայեց ընկերուհուն շատ խեղճացած:

— Ես քեզ ի՞նչ եմ անում որ,— նկատեց նա

— Սրանից էլ ավելի բան պետք է անե՞ս. չես թողնում, որ մի րոպե մտնեմ հիվանդի մոտ։

— Մտիր. ես քեզ ե՞րբ եմ բռնում։

— Ա՜խ... ինչպե՞ս անեմ, որ քեզ բան հասկացնեմ։ Մանե ջան, հոգի ջան, հասկացիր ինձ. ես չեմ կարող հանգիստ իմ բանս տեսնել, քանի որ դու այստեղ ես։

— Ես քեզ չեմ խանգարիլ, աստված է վկա, Էլեն, չեմ խանգարիլ. ուզում ես, կքարանամ նստած տեղս...

— Փո՛ւ, ի՜նչ համառ և անհասկացող կին ես եղել,— զայրացած նկատեց Հեղինեն, պենսնեն քթի վրա ուղղելով, դուրս գնաց հիվանդի սենյակը։

Բժիշկները շատ չուշացան։ Ամենից առաջ եկավ Բադամյանի անձնական բարեկամ բժիշկը։ Նա այն աստիճան մտահոգ էր հիվանդի դրության համար, որ գրեթե ոչ մի ուշադրություն չդարձրեց Մանեին։ Շուտով հավաքվեցին և մյուս բժիշկները— երեք հոգի։ Դրանցից մեկը հայ էր, մյուսը՝